Ինտրիգային իրավիճակ. իշխանությունը պատասխանատվություն է վերցնում, ընդդիմությունը՝ դադար

Ինտրիգային իրավիճակ. իշխանությունը պատասխանատվություն է վերցնում, ընդդիմությունը՝ դադար

Մայիսի 13-ի երեկոյան Հայաստանը հրապարակել է այն վեց կետերը, որոնք ի պատասխան Ադրբեջանի հայտնի 5 կետերի ներկայացվել են Բաքվին: Մեծ հաշվով, 6  կետերի հանրայնացումը չի պարունակում բովանդակային նորություն և դրանք այն համատեքստում են, ինչի մասին Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ հայտարարել են շաբաթներ շարունակ՝ Ադրբեջանի հինգ կետերը ստանալուց հետո: Մասնավորապես, ի պատասխան դրանց Երևանը առաջադրում է խաղաղության պայմանագրի շուրջ բանակցության մեկնարկի համար ավելացնել իր համար հիմնարար՝ «ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, իրավունքների ու ազատությունների հարգման, վերջնական կարգավիճակի որոշման» հարցերը: Միաժամանակ, Երևանը նաև նշում է, որ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը տեսնում է ՄԱԿ կանոնադրության, ինչպես նաև Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների համաձայն: Ինչպես հայտնի է, Հելսինկյան ակտը ներառում է տարածքային ամբողջության, ինքնորոշման իրավունքի և ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը բացառելու սկզբունքները: Բովանդակային առումով Երևանի պատասխանը չպարունակելով որևէ դիրքորոշումային նորություն, այդուհանդերձ ուշագրավ է հենց հրապարակման փաստի առումով: Բանն այն է, որ այդ կետերի հրապարակումը նշանակում է հրապարակային պատասխանատվություն այդ դիրքորոշումների համար թե միջնորդ դերակատարների առաջ, թե նաև սեփական հանրության: Այդպիսով, պաշտոնական Երևանը հրապարակելով վեց կետերը գործնականում ստանձնում է այդ պատասխանատվությունը: Ուշադրության է արժանի, որ դա տեղի է ունենում արտաքին ու ներքին դինամիկ շարժերի պարագայում: Արտաքին դաշտում տեղի ունեցավ Դուշանբեի հանդիպումը կամ հանդիպումները, դրանից առաջ եղել էր Բլինքենի զանգը Ալիևին, Հայաստանի վարչապետի այցը Նիդերլանդներ, որն ուղիղ իմաստով պայմանավորված չէր արցախյան, հայ-ադրբեջանական խնդրով, սակայն անկասկած օրակարգում ուներ այն որպես առանցքային թեմաներից մեկը: Նաև Երևան ժամանեց ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը, որը հաղորդուղիների ապաշրջափակման եռակողմ խմբի ռուսաստանցի պաշտոնյան է, ու Երևանում տեղի ունեցավ հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստ, ինչի առիթով ժամանեց Իրանի Էներգետիկայի նախարարը: Ընդ որում, սրանք ընդամենը վերջին 3-4 օրերին տեղի ունեցած արտաքին զարգացումներն են, քանի որ շրջանակն ու նաև ժամանակային հետագիծը անշուշտ ավելի երկար է ու լայն՝ ավելի բազմազան դերակատարումներով: Իսկ ներքին կյանքում արդեն մի քանի շաբաթ Երևանում ծավալվող անհնազանդության ակցիաները, որ իրականացնում է խորհրդարանական ընդդիմությունը և որոնց առանցքում հենց արցախյան հարցի վերաբերյալ «մտահոգությունն» է, այն «պնդումներով», որ իշխանությունը գնում է հանձնման: Այդ ֆոնին, Երևանի հրապարակած վեց կետերը գործնականում հերքում են ընդդիմության այդ պնդումները: Դրան զուգահեռ, հանրայնացնելով դրանք, պաշտոնական Երևանը նաև ստանձնում է դրանց համար հրապարակային և ուղիղ պատասխանատվություն, իհարկե դրանով նաև իր դիրքորոշման համար պատասխանատվության խնդրի առաջ դնելով ընդդիմությանը: Իսկ այդ իրողությունը իր հերթին ուշագրավ է դառնում այն հայտարարության ֆոնին, որ արեց ընդդիմության ակցիաների հիմնական «խոսնակ»՝ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը, այն մասին, որ մայիսի 14-ին չեն լինելու անհնազանդության ակցիաներ կամ հանրահավաք, այլ ընդդիմությունը քննարկելու է իր հետագա անելիքները: Ուշագրավը այն է, որ այդ «ընդմիջումը» ընդդիմությունը վերցնում է հենց 6 կետերի հանրայնացմանը զուգահեռ: Եթե սրան ավելացնենք և այն, որ դրա շեմին էլ ընդդիմության թևերի միջև նկատվեցին փոխադարձ կսմիթների և հակասությունների խոսուն դրվագներ, ապա համայնապատկերը դառնում է բավականին ինտրիգային: Ներսու՞մ,  թե՞ արտաքին դաշտում է հանգուցալուծվելու կամ գուցե զարգանալու այդ ինտրիգը:  Ըստ ամենայնի, առնվազն միջանկյալ արդյունքը հեռու չէ: Լուսանկարը՝ panorama.am-ի