Երկիշխանություն Ֆրանսիայի հրապարակում. ռուսական կոնֆլիկտի հայկական արձագանքները

Երկիշխանություն Ֆրանսիայի հրապարակում. ռուսական կոնֆլիկտի հայկական արձագանքները

«Հարցրեք Վանեցյանին», արձագանքել է ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին հարցին ի պատասխան, որ հնչել է Արթուր Վանեցյանի նախօրեին արած հայտարարության կապակցությամբ: Իսկ Վանեցյանը, ինչպես արդեն անդրադարձել էի, ասել էր, որ հրապարակում կան մարդիկ, որոնք հարվածում են շարժմանը, բայց ինքը չի կարող արգելել նրանց գալ հրապարակ, որովհետև տեղի ունեցողը լոկ իր կուսակցության կամ «Պատիվ ունեմ» դաշինքի միջոցառումը չէ: Այդպիսով, Արթուր Վանեցյանը խիստ թափանցիկ կերպով ակնարկել էր, որ հրապարակում շարժմանը «հարված» հասցնող դեմքերը գալիս են մյուս թևի՝ «Հայաստան» դաշինքի խողովակով կամ կոմունիկացիաներով: Իշխան Սաղաթելյանի արձագանքը խոսում է հենց այն մասին, որ «Հայաստան» դաշինքը «դիպուկ» է ընկալել Արթուր Վանեցյանի ակնարկը, հակառակ պարագայում Սաղաթելյանը լրագրողների հարցը չէր հասցեագրի Վանեցյանին, այլ կպարզաբաներ միտքը, եթե այդ միտքը անցնող գրեթե ամբողջ օրվա ընթացքում պարզաբանված լիներ խորհրդարանական ընդդիմության առաջնորդների միջև: Այդ իմաստով, իրավիճակի ֆոնին բավականին հատկանշական է հնչում Իշխան Սաղաթելյանի արտահայտած մեկ այլ միտք, թե երկիշխանություն է և իշխանափոխությունը մոտ է: Իշխան Սաղաթելյանը թերևս նկատի ունի այն, որ իրենց շարժումը երկրում հաստատել է երկիշխանություն և այդ կերպ մոտեցրել իշխանության փոփոխությունը: Սաղաթելյանը հավանաբար ինչ որ բան գիտե, որ չգիտե հանրությունն ու չի երևում դեռևս իրավիճակի առերևույթ դրսևորումներում: Փոխարենը, երկիշխանություն դրսևորվում է հենց ընդդիմության շարժման ընթացքում, ինչի վառ վկայությունն էլ Վանեցյանի հայտարարությունն ու դրան Սաղաթելյանի արձագանքն են: Իհարկե սա ամենևին չի նշանակում, որ փողոցում տեղի ունեցող շարժումը պառակտվում է: Նախ, բանն այն է, որ փողոցում տեղի ունեցողը ոչ թե շարժում է, այլ պարզապես այն նախաձեռնած ուժերի գործունեության ֆունկցիոնալ դրվագ, և երկրորդ՝ այդ ուժերի գործունեությունը զուրկ է «սուվերենության» որոշիչ աստիճանից և առավելապես թելադրված է արտաքին միջավայրով, մասնավորապես այն, որին պարբերաբար հղում է կատարել նրանց գերակշռող մեծամասնությունը, բացառությամբ թերևս միայն Սերժ Սարգսյանից, որը շատ զուսպ է Ռուսաստանի ուղղությամբ որևէ ակնառու ռևերանսից: Այդ իմաստով, Արթուր Վանեցյանի և Իշխան Սաղաթելյանի հայտարարությունները ինչ-որ իմաստով դրսևորելով գուցե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տրամադրությունները, ոչ պակաս կարող են նաև արտացոլել գործնականում այլ կոնֆլիկտ, որ հասունացել կամ հասունանում է փողոց դուրս եկած նախկին համակարգ-ընդդիմության շարքերում: Այդ շարքերում գուցե դրսևորվում է Ռուսաստանի կառավարման տնտեսա-քաղաքական համակարգում առկա կոնֆլիկտային իրողությունների որոշակի մասը, հաշվի առնելով թե այն, որ ռուսական «էլիտայում» բավականին սուր և բարդ հարաբերություններ է խթանել Ուկրաինայի տարածքում Արևմուտքի հետ պատերազմը, թե այն, որ ռուսական «էլիտայի» համար կենսական զգայունություն ունեցող գոտիներից մեկը եղել և շարունակում է լինել Հայաստանը: Ի վերջո, առկա իրավիճակում հիշարժան դրվագ է թերևս այն, որ իրադարձությունների աշխույժ փուլը սկսվեց Արթուր Վանեցյանի՝ Ազատության հրապարակում ակցիայի մասին հայտարարությամբ, որից մեկ-երկու օր անց արտահայտվեց Սերժ Սարգսյանի օգնական պատգամավորը, ասելով, որ Վանեցյանի քայլը իրենց համար էլ եղել է անակնկալ: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ Լուսանկարը` armeniasputnik.am-ի