Լիբանանում ընտրություններին մասնակցում են 2 հայկական կուսակցություններ. ընտրություններով ամեն բան չի ավարտվի

Լիբանանում ընտրություններին մասնակցում են 2 հայկական կուսակցություններ. ընտրություններով ամեն բան չի ավարտվի

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Դաքեսյանը Մայիսի 15-ին Լիբանանում խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու: Հայ համայնքն ինչիպիսի մասնակցություն ունի այս ընտրություններին, ունի՞ արդյոք պատգամավոր թեկնածուներ, ինչ ակնկալիքներ կան այս ընտրություններից, որքանով առկա ճգնաժամը հնարավոր կլինի լուծել: Երեք հայկական կուսակցություններից երկուսն ունեն թեկնածուներ, Ռամկավար ազատական կուսակցությունն այս անգամ թեկնածու չունի: Անցյալ անգամ թեկնածու ուներ, որը ես էի, բայց այս անգամ թեկնածությունս չառաջարկեցի: Այս անգամ ՌԱԿ-ը սատարեց ավանդական մյուս կուսակցությունների՝ հնչակյանների և դաշնակցականների թեկնածուներին: Լիբանանի հայ համայնքը 100 տարի ավանդական կուսակցություններ է պահել, միություններ է պահել, ոչ թե անհատներ: Դրա հիման վրա է, որ Ռամկավար ազատական կուսակցությունը իր կենտրոնական վարչությունը որոշեց սատարել ավանդական կուսակցությունների թեկնածուներին: Սա է օրինական ու ազգային կեցվածքը: Հուսով ենք, որ այդ թեկնածուները կհաջողեն, արդյունքները կտեսնենք մայիսի 16-ին: Պարոն Դաքեսյան, Լիբանանում ճգնաժամը որևէ կերպ չի լուծվում, հիմա ի՞նչ ակնկալիքներ ունեք, այս ընտրություններն անկյունաքարային կարո՞ղ են լինել: Ես կարծում եմ, որ ընտրություններով ամեն բան չի ավարտվում: նոր ընտրված 128 պատգամավորները պետք է ընտրեն երկրի նախագահ: Դա պետք է տեղի ունենա հոկտեմբերի 18-ին: Այս պահին անորոշությունը մեծ է, նախագահի թեկնածուները շատ են,: Այստեղ է, որ քաղաքական բախումներ լինեն իրար մեջ, թե ով է լինելու այդ թեկնածուն: Ամեն մեկը իր թեկնածուին է առաջ մղելու: Այսինքն ըստ ամենայնի, դեռևս 7-8 ամիս լիբանանյան քաղաքական կյանքը եռալու է, երկրի իշխանության հարցը միանգամից չի լուծվելու: Դեռևս 7-8 ամիս ունենք, մինչև նոր նախագահ ունենանք: Նախագահ ունենալուց հետո Լիբնանը կսկսի կամաց-կամաց առաջ գնալ: Դժբախտաբար, դեռ քարքարոտ ու փշոտ ճանապարհ ունենք անցնելու: Մյուս կողմից լիբանանահայությունը բավականին ծանր տնտեսական ճգնաժամի առջև է, ինչպես բոլոր լիբանանցիները: Հուսով ենք, որ կշրջանցենք այդ դժվարությունները: Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հնարավորություններ այս պահին կա՞ն: Քաղաքական ճգնաժամի հաղթահարումը կապված է այս ընտրություններից, եթե ընտրությունները բարվոք լուծում ստանան, արդեն ինքնաբերաբար, տնտեսական ճգնաժամն էլ կսկսի լուծվել: Եթե ճիշտ անձը դարձավ նախագահ, իսկ լիբանանյան օրենքով նախագահը պետք է մարոնիտ լինի, իմ կարծիքով դրանով կսկսվի քաղաքական ճգնաժամի լուծումը, որին կհաջորդի տնտեսական ճգնաժամի լուծումը: Բայց առավելագույնը մեկ տարի դեռևս դժվար ճանապարհ ենք անցնելու: Պարոն Դաքեսյան, մամուլը գրել է, որ Լիբանանի արդյունաբերության նախարար և երկրի ԱԺ առաջիկա ընտրություններում պատգամավորի թեկնածու, ՀՅԴ-ական Ջորջ Բուշեկյանի անունը հայտնվել է աշխարհում անօրինական հարստացողների վերաբերյալ Պանամայի փաստաթղթերում։  Որքան գիտեմ, դա թյուրիմացություն է, շատ լավ աշխատում է մեր նախարարը, ես մտերիմ եմ իր հետ: Նա իր մեկ տարվա աշխատանքով արդարացրել է իրեն: Պանամայի փաստաթղթերի մասին ոչինչ չգիտեմ: Երևի այս ընտրություններում միմյանց նկատմամբ ցեխարձակումների հարցեր են, չեմ կարող ասել: Դուք նրա թեկնածությունը նորմա՞լ եք գնահատում: Այո, նա իր թեկնածությունը դրել է, այս մեկ տարում նա շատ լավ աշխատել է թե լիբանանյան, թե հայկական առումներով: Հիմա էլ նա պատգամավորի թեկնածու է Զահլե քաղաքի ընտրատարածքում: Մենք իրեն զորավիգ ենք որպես Ռամկավար ազատական կուսակցություն: