Առողջության համապարփակ ապահովագրությունը՝ հասարակական խորհրդի օրակարգում

Առողջության համապարփակ ապահովագրությունը՝ հասարակական խորհրդի օրակարգում

Տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի 2022 թվականի առաջին նիստը, որը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Ողջունելով խորհրդի անդամներին՝ Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ օրակարգում ներառված հարցը՝ Առողջության համապարփակ ապահովագրության (ԱՀԱ) ներդրումը Հայաստանում, շատ կարևոր է հասարակական հատվածի հետ քննարկումների համատեքստում, ուստի կառուցողական ու ակտիվ մասնակցությունը կնպաստի նախարարության որդեգրած քաղաքականության իրականացմանը: Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի մշակման նպատակով ձևավորված աշխատանքային խմբի անդամ, առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանը ներկայացրել է ԱՀԱ ներդրման սկզբունքները, ակնկալվող արդյունքն ու հնարավորությունները: Ներկաները քննարկել են ապահովագրության ներդրման հայեցակարգի դրույթները, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն: Սամվել Խարազյանը մանրամասնել է, որ այս համակարգի հիմնական արդյունքը հիվանդացության և մահացության ցուցանիշների բարելավումն է, առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության հանգեցնող դեպքերի նվազումը, ինչը կնպաստի մարդկային կապիտալի կայուն զարգացմանը և տնտեսության աճին: «ԱՀԱ-ն առողջապահության բնագավառում պետության կողմից երաշխավորված ինքնուրույն համակարգ է, որն ապահովում է հիվանդությունների կանխարգելման, բուժման և ընթացիկ վերահսկման ծախսերի փոխհատուցումը` երաշխավորելով բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հավասար հնարավորություններ բնակչության բոլոր խմբերի համար»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը։ Հասարակական խորհրդի անդամներն առաջ են քաշել մի շարք հարցեր, հանդես եկել առաջարկներով և լուծման տարբերակներով: Ամփոփելով նիստը՝ խորհրդի նախագահը շնորհակալություն է հայտնել գործընկերներին արդյունավետ և առարկայական քննարկման համար: