Նոր խայտառակություն խորհրդարանում

Նոր խայտառակություն խորհրդարանում

Հայաստանի ԱԺ-ում տեղի է ունեցել հերթական աղմկոտ միջադեպը, կամ այլ կերպ ասած՝ խուլիգանական դրվագը: Հերթականի առիթը եղել է գիտության, կրթության ու մշակույթի հարցերի հանձնաժողովում քննարկումը: Իսկ քննարկվել է Հայաստան ընդդիմադիր խմբակցության ներկայացրած՝ Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի անդամի թեկնածությունը: Թեկնածուն եղել է Ռուբիկ Հակոբյանը: Հակոբյանի ելույթը ուղեկցվել է մեծամասնության պատգամավորների հանդեպ վիրավորական արտահայտությամբ, ինչին հետևել է սաստելու փորձ, հետո նոր վիրավորանք, հետո պատասխան, և այդպես քննարկումը ավարտվել է փոխադարձ վիրավորանքների հերթական տարափով, ինչը կրկնելու անհրաժեշտություն բացարձակապես  չկա: Ընդ որում, հատկանշական է եղել այն, որ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները, որ ներկա են եղել միջադեպին, մի կողմից չեն փորձել սաստել իրեն ներկայացրած թեկնածուին, մյուս կողմից չեն էլ փորձել պաշտպանել նրան:Ըստ այդմ, կամ իրենք էլ անգամ անհարմար են զգացել իրենց թեկնածուի համար, կամ պարզապես թեկնածուի միջոցով ծրագրվել է հերթական միջադեպը՝ խորհրդարանը հերթական անգամ խայտառակ պատկերով մատուցելու համար, ինչը անկասկած իր ազդեցությունն է թողնում քաղաքացիների վերաբերմունքի վրա, ու թեև մարդիկ հիանալի պատկերացնում են ցանկացածի վարքագիծն ու մոտիվները, այդուհանդերձ անկասկած է նաև ընդհանուր տպավորության անկումը և ազդեցությունը: Բանն այն է, ինչպես առիթ եմ ունեցել նշելու, որ այդօրինակ միջադեպերը նախ հեղինակազրկում են հունիսի 20-ի արտահերթ ընտրությունը, զրկում այն լեգիտիմ ընկալումից: Եվ, եթե անգամ հանրության վերաբերմունքի թիրախում հիմնականում հայտնվում է ակնհայտորեն դեստրուկտիվ և ապաքաղաքական ընդդիմությունը, միևնույն է՝ մթնոլորտային, հոգեբանական առումով հեղինակազրկվում է ընտրության ամբողջ արդյունքը և հետևաբար լեգիտիմության խնդրի առաջ է կանգնում խորհրդարանն ամբողջությամբ: Այն հետևողականությունը, որով խորհրդարանական ընդդիմությունը շարունակում է աղմկոտ իրավիճակների հրահրումը, թույլ է տալիս խոսել հենց ծրագրված մարտավարական վարքագծի, այլ ոչ պահի տակ առաջացող խնդիրների մասին: Այս անգամ խայտառակության հրահրման  մարտավարական միջոցը Ռուբիկ Հակոբյանն էր: Մարդ, որը իր քաղաքական հետագծով այդ առումով իհարկե բավականին «հուսալի» է, այդ թվում նաև նախկինում եղած միջադեպերի պաշարով: Ամբողջ հարցն այն է, որ խորհրդարանական ընդդիմադիր համարվող Հայաստան խմբակցության այդ մարտավարությունը փաստորեն արդարանում է խորհրդարանական մեծամասնության «սիմետրիկ» գործողության հետևանքով: Այսինքն, սկանդալը, բախումը մշտապես ստացվում է, որովհետև մեծամասնությունը տուրք է տալիս դրան, չգտնելով ասիմետրիկ վարքագծով «մերկացնելու» մեթոդաբանություն ու ճանապարհ: Ու, կրկնեմ, թեև հանրությունը տարբերակում է սադրողին ու դրա ծուղակում հայտնվողի պատասխանատվությունը, բայց երևույթը ընդհանուր առմամբ բերում է քաղաքականության, քաղաքական գործընթացի հանդեպ ապատիայի, անտարբերության, հուսահատության, հիասթափության: Իսկ այդպիսի միջավայրը կարող է լինել միայն այն ուժերի նպատակը, որոնք բովանդակային առումով քաղաքական չեն, չունեն հանրության հետ երկխոսության նպատակ, ասելիք, ըստ այդմ խաղադրույք են կատարում այդ հիասթափության ու ապատիայի վրա: Այստեղ է լուծում պահանջող գլխավոր խնդիրը, քանի դեռ այն չի դարձել անշրջելի: