Համահայկական հիմնադրամի ծուռ հայելին

Համահայկական հիմնադրամի ծուռ հայելին

Պատերազմից հետո Հայաստան համահայկական հիմնադրամին հանգանակվել է 23 միլիոն դոլար: Այդ տեղեկությունը հայտնի է դարձել հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքից, որ հնչել է «Հայաստան հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող» քննիչ հանձնաժողովի նիստում: Հիշենք, որ պատերազմի օրերին Հայաստան հիմնադրամը հավաքել էր մոտ 150 միլիոն դոլար՝ գրեթե 44 օրերի ընթացքում: Պատերազմից անցել է արդեն ավելի քան մեկ տարի և այդ ընթացքում՝ 23 միլիոն դոլար: Սրանք խոսուն թվեր են, որոնք վկայում են այն մասին, որ աշխարհասփյուռ հայկական ռեսուրսը ինքնակազմակերպվում է միայն ծայրահեղ իրավիճակում, երբ կա որևէ լրջագույն սպառնալիք կամ խնդիր, իսկ մնացյալ ժամանակահատվածում հետաքրքրությունը թե հիմնադրամի, թե Հայաստանի ու Արցախի առօրյայի հանդեպ էապես նվազում է: Մի կողմ թողնենք այն, թե այդ 150 միլիոնը որքանով էր համարժեք համահայկական ներուժին: Միթե՞ այդ ներուժը ի վիճակի չէր ավելին: Իհարկե ի վիճակի էր, սակայն այժմ թողնենք այդ ասպեկտը, դա ոչ պակաս հետաքրքիր և կարևոր, սակայն այլ թեմա է: Անդրադառնանք հանգամանքին, որ 44 ծայրահեղ օրերի ընթացքում հանգանակվել է ավելին, քան մեկ ամբողջ տարվա ընթացքում: Ընդ որում, մինչ պատերազմն էլ եղել է գործնականում համարժեք ցուցանիշ: Այսինքն, հայկական սփյուռքում կա Հայաստանի ու Արցախի ճակատագրի հանդեպ անմիջական գործնական հետաքրքրության աճ միայն արտակարգ իրավիճակում, իսկ առօրյայում՝ կա նվազում, կամ հետաքրքրության արտահայտում միայն ֆեյսբուքյան տարատեսակ մեկնաբանություններով, գրառումներով կամ հղումներով, քաղաքական երկրպագություններով կամ հայհոյախոսություններով: Սա ցավալի իրողության դրսևորում է, որը ցույց է տալիս, թե այս տարիների ընթացքում ինչպես է մեզանում ամեն ինչ եղել գլխիվայր: Չէ որ, եթե գործնական հետաքրքրությունը լիներ առօրյայում, գուցե հնարավոր կլիներ նաև խուսափել արտակարգ իրավիճակներից: Եթե Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեության, գաղափարական և բովանդակային գործնականության, արդիականության համար պատասխանատուները անցնող մոտ երեք տասնամյակի ընթացքում կարողանային ստեղծել համոզիչ հայկական կառույց, ցանցային առօրյայի տրամաբանությամբ, ապա նվազագույնը 150 միլիոն դոլար հնարավոր կլիներ ապահովել տարեկան՝ առանց որևէ արտակարգ իրավիճակի, և դրանով հնարավոր կլիներ լուծել ռազմավարական խորքային նշանակության հարցեր, որոնք կբարձրացնեին Հայաստանի ու Արցախի դիմադրունակությունը ժողովրդագրությունից մինչև պաշտպանական համակարգ: Սակայն, այդպիսի կառույց ստեղծելու համար, պետք էր նաև դրան համարժեք որակի կառավարում Հայաստանում: Հնարավոր չէր՝ Հայաստանը մի կողմից թաղել կոռուպցիայի մեջ, ծածկել այն ռազմա-հայրենասիրական պաթոսով, իսկ մյուս կողմից ձևավորել համահայկական հանգանակության կայուն մեխանիզմ՝ հայկական սփյուռքի ներուժին համարժեք էֆեկտով: Այսօր՝  հետպատերազմյան Հայաստանում և սփյուռքում, թերևս ավելորդ է խոսել իսկ այդպիսի նախաձեռնության մասին, այն պարագայում, երբ Հայաստանում քաղաքական խնդիրների հետապնդումը կանգ չի առնում անգամ սփյուռքում Հայաստան հիմնադրամի հանդեպ մանիպուլյացիոն քարոզի առաջ: Այս մասին սակայն պետք է մտածել լրջորեն, հայկական ներուժը կուսակցական գզվռտոցի և հայրենասիրական կենացի դաշտից վեր հանելու համար: