Հայ-թուրքական գործընթացը «ղազախական ցանցում»

Հայ-թուրքական գործընթացը «ղազախական ցանցում»

Ռուսաստանը հորդորել է Թուրքիայի նախագահի խորհրդականին չանել չմտածված հայտարարություններ: Այդ հորդորը հնչել է Ղազախստանի իրադարձությունների և մասնավորապես ՀԱՊԿ մուտքի առիթով Էրդողանի խորհրդականի համեմատության կապակցությամբ: Նա համեմատել էր դա խորհրդային «լծի» հետ, որից ըստ նրա ազատվել էր Ղազախստանը: Թուրքիան և Ռուսաստանը առաջին անգամ չէ, որ աչքի են ընկնում նման դիտողություններով, նոր բան չէ և սովորաբար դրանք նախորդում են որևէ պայմանավորվածությանը: Մեզ համար այստեղ էական հարցն այն է, թե արդյո՞ք կարող է այդ պայմանավորվածությունների «զոհ գնալ» հայ-թուրքական գործընթացը, որի առաջին հանդիպումը հունվարի 14-ին տեղի ունեցավ Մոսկվայում: ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովան դրանից առաջ հայտարարել էր, թե իրենք այդ ձևաչափի հետ կապ չունեն, դա հայ-թուրքական ձևաչափ է, իսկ իրենք միշտ հայտարարել են, որ աջակցում են այդպիսի շփումներին և հաղորդուղիների բացմանը: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Ռուսաստանի համար հայ-թուրքական կարգավորման գործընթացը աջակցելի է այնքանով, որքանով այսպես ասած խանգարելի չէ: Մի շարք պատճառներով, այդ մասին խոսել ենք շատ: Անկասկած է թերևս և այն, որ Թուրքիան հայ-թուրքական գործընթացի հանդեպ դրական տրամադրվածություն է ցուցաբերում մի կողմից ԱՄՆ հետ հարաբերության կարգավորման հաշվարկով, մյուս կողմից բնականաբար դրա հիման վրա էլ Ռուսաստանի հանդեպ նուրբ կամ փափուկ ճնշում բանեցնելու ակնկալիքով: Եվ այստեղ է, որ ղազախական իրադարձությունների տրամաբանությունն ու ռուս-թուրքական շահերի բախումը առաջացնում են հարց, թե արդյո՞ք պայմանավորվածության առարկա չի դառնա գործընթացը «լճացնելը», երբ ձևը կա, իսկ գործնական առաջընթաց կամ բովանդակություն՝ ոչ: Այդ իմաստով հարց է, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները հայ-թուրքական կարգավորման այս գործընթացի հանդեպ իր մոտեցումները կառուցելու է նախորդներից քաղած դասով կամ փորձով, դրա առավել արդյունավետության հասնելու համար: Մոսկվայում տեղի ունեցած առաջին հանդիպումից հետո թերևս վաղ է շոշափել այլ հարցերի պատասխաններ: