Վարչապետի հանդիպումը բանկիրների հետ. Հայաստանը պատրաստվու՞մ է

Վարչապետի հանդիպումը բանկիրների հետ. Հայաստանը պատրաստվու՞մ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ աշխատանքային ընթրիք է  ունեցել Հայաստանի բանկերի ղեկավարների հետ: Ընթրիքի մասին պաշտոնական հաղորդագրությունը բավականին համեստ է և համառոտ: Վարչապետը նշել է Հայաստանի բանկային համակարգի կայունության և կենսունակության մասին, արձանագրելով, որ այն դրսևորվել է ճգնաժամային իրավիճակներում, և քննարկվել են համակարգի առաջընթացի հարցեր, ինչը կօգնի տնտեսության զարգացմանը: Նախօրեին հրապարակված հոդվածում անդրադարձ էի կատարել համաշխարհային տնտեսության մեջ առկա տագնապալի միտումներին, որ արձանագրել էր նաև Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենը, կոչ անելով պատրաստ լինել 2022 թվականին համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերին: Այդ ռիսկերին պատրաստ լինելը չափազանց կարևոր է Հայաստանի տնտեսության համար, մինչև անգամ ռազմա-քաղաքական անվտանգային նկատառումներից ելնելով, ոչ միայն զուտ սոցիալ-տնտեսական: Հայաստանի տնտեսությունը 2021  թվականին հետպատերազմական շոկից հարաբերական կայունության անցման փուլում էր ու շատ կարևոր է, որ այդ փուլը երկարի՝ ամրացման աշխատանքների համար: Բանկային համակարգն այստեղ անշուշտ ունի առանցքային դերակատարում,սակայն միաժամանակ հարկ է նկատել, որ իրավիճակն այդ առումով երկիմաստ է, ընդ որում շատ վաղուց՝ համակարգի կայացման շրջանից: Հայկական ֆինանսա-բանկային համակարգը իսկապես կայուն է և դա դրսևորվել է թե 2008-09 թվականների ճգնաժամում, թե հետագայում բարդ իրավիճակներում: Սակայն, ինչպես նկատում են նաև շատ մասնագետներ, այդ կայունությունը որոշակի իմաստով ապահովվում է նաև տնտեսության հետ կապի հաշվին: Այլ կերպ ասած, մշտապես թույլ է եղել Հայաստանի բանկային հատվածի և իրական տնտեսության կապը, ասել է թե՝ բանկային ներդրումները տնտեսության իրական հատված: Սա  իհարկե ունի իր զգալիորեն օբյեկտիվ պատճառներն էլ, պայմանավորված Հայաստանի տնտեսության փոքր շուկայով և բարձր ռիսկայնությամբ: Բանկերը բնականաբար չեն ուզում գնալ անհամաչափ ռիսկերի, քանի որ դրանք կարող են բերել հենց բանկային անկայունության ու ֆինանսական համակարգի փլուզման: Իսկ ֆինանսական համակարգի փլուզումը թերևս աղետ է ամբողջ տնտեսության համար: Մյուս կողմից, տնտեսական հնարավոր ճգնաժամերում մեծանում է փողի կարիքը: Իսկ բանկային համակարգը դրա աղբյուրներից մեկն է: Արդյո՞ք վարչապետի և բանկերի ղեկավարների հետ հանդիպումը շոշափել է այդ հարցերը: Թեև, իհարկե այդ իմաստով քննարկելիք թեմաները շատ ավելին են: Մասնավորապես, Եվրամիությունը Հայաստանի համար նախատեսել է 2,6 միլիարդ եվրոյի հնգամյա ֆինանսական հատկացումների փաթեթ, կամ տարեկան մոտ կես միլիարդ եվրո, ինչը մեծ թիվ է Հայաստանի տնտեսության համար և կարևոր է դրա մարսողությունն ապահովելը: Իսկ այստեղ բանկային համակարգի դերը լինելու է մեծ, որպես տնտեսության հետ այդ փողի կապի խողովակ, այդ թվում նաև բովանդակային իմաստով, այսինքն տնտեսական գաղափարների, նախաձեռնությունների, որոնք թույլ կտան առավել արդյունավետ իրացնել այդ միջոցները: Սա լուրջ խնդիր է, որովհետև ԵՄ-ը ոչ թե նվեր է տալու Հայաստանին «Ձմեռ պապու» տրամաբանությամբ, այլ դիտարկելու է ներդրումային առաջարկները, հետևաբար ակնկալելու է տնտեսական համարժեք որակ: Այստեղ Հայաստանի տնտեսական կյանքի կայացած ինստիտուտներից մեկի դերը լինելու է իսկապես բարձր: Կա իհարկե ավելի լայն օրակարգ, որի շուրջ թերևս այսօր իսկ պետք է մտածի հայկական ֆինանսա-բանկային ոլորտը և ձևավորվի գործակցություն կառավարության հետ: Ռեգիոնը բացարձակ հեռու է իհարկե բացվելուց՝ թե հաղորդուղիների ապաշրջափակման եռակողմ գործընթացի, թե հայ-թուրքական քննարկումների առումով, սակայն դրանց հնարավոր դրական ընթացքին պետք է պատրաստվել արդեն այսօրվանից, կամ անգամ երեկվանից: Իսկ Հայաստանի բանկային համակարգը այդ իմաստով թերևս լինելու է հայկական մրցունակության առանցքային օղակներից մեկը: