Արևմուտքը Հայաստանում փնտրում է քաղաքականություն

Արևմուտքը Հայաստանում փնտրում է քաղաքականություն

ՀԱՊԿ ղազախական «արշավին» Հայաստանի մասնակցությունից հետո հնչում են գնահատականներ, որ այդ հանգամանքը վնասել է Հայաստանի վարկն Արևմուտքում: Զուտ մեխանիկական իմաստով այդ տրամաբանությունը հասկանալի է՝ խոսքը վերաբերում է ոչ ժողովրդավարական, ամբողջատիրական երկրների ակումբում գործողության, որին մասնակցում է նաև ժողովրդավարական հեղափոխություն իրականացրած և ժողովրդավարությունը զարգացման ուղենիշ հռչակած Հայաստանը: Սակայն, գործնական պատկերը ձևավորվում է իրական քաղաքականության մի շարք հանգամանքներով, այլ ոչ պատճառահետևանքային մեխանիկական տրամաբանությամբ կամ «լոգիկայով»՝ ինչպես հայտնի անեկդոտում: Ըստ այդմ, դիտարկենք խնդիրը այդ համատեքստում: Նախ, առ այսօր չկա որևէ նշան, որը թույլ կտար եզրակացնել Հայաստանի վարկի անկում կամ դրա հետ կկապված խնդիր: Իհարկե, Արևմոտքում կարող են լինել շրջանակներ, որոնք խոսեն այդ մասին, որոնք համարեն Հայաստանի քայլը սխալ: Եվ դա միանգամայն բնական է, այդպիսի խմբեր կամ շերտեր կան նաև Հայաստանում, ու շատ հասկանալի է և անգամ ողջունելի է, որ կարծիքները լինում են տարբեր, բազմազան: Սակայն դա ամենևին «ֆատալիզմի» մասին եզրակացության հիմք չէ: Չկան դրսևորումներ, որոնք թույլ կտան խոսել Հայաստանի խնդիրների մասին: Արտաքին որևէ գործընկեր չի արտահայտվել այդ մասին: Եվ սա զարմանալի էլ չէ, քանի որ նրանց համար ղազախական խաղն ունի շատ ավելի լայն և ընդգրկուն բնույթ, ըստ այդմ նաև միանգամայն ըմբռնելի է թերևս այդ խաղում Հայաստանի մասնակցության դրսևորումը, որը մեծ հաշվով դուրս չի եկել ֆորմալ անհրաժեշտությունների շրջանակից ու տրամաբանությունից, որ Հայաստանն ունի ՀԱՊԿ անդամության բերումով: Առավել ևս, որ ՀԱՊԿ ստորաբաժանումը Ղազախստանում այդպես էլ չի կատարել գործողություններ, որոնք կարող էին առաջացնել միջազգային գնահատականի հետ կապված լուրջ խնդիրներ: Հետևաբար, Հայաստանի արևմտյան խնդիրների վերաբերյալ գնահատականները թերևս չափազանցված են, ինչը իհարկե բոլորովին չպետք է նշանակի ՀԱՊԿ վերաբերյալ որոշումների արդարացվածության հիմք: Խնդիրը այն է, որ Հայաստանում կա իրավիճակի վերագնահատման խորքային անհրաժեշտություն, թե Արևմուտքի հանդեպ ժողովրդավարական հարաբերության, թե ՀԱՊԿ ուղղությամբ կամ եվրասիական ուղղությամբ Հայաստանի քաղաքական վարքագծային ներուժի առումով: Անենք, որովհետև այս կողմին դուր կգա, կամ չանենք, որովհետև այն կողմին դուր չի գա, սա քաղաքական տրամաբանություն չէ: Թե այս, թե այն կողմի հետ աշխատանքը և մոտեցումը պետք է հիմնված լինի Հայաստանի շահերը և հետաքրքրությունները շոշափող, միաժամանակ նաև թե այս, թե այն կողմի համար գործընկերային որոշակի ելակետեր պարունակող քաղաքական բովանդակության վրա: Այս տեսանկյունից, հերթական անգամ դրսևորվեց ոչ միայն Հայաստանի համար «եվրասիական ակումբի» էությունն ու դրանից բխող թե քաղաքական, թե քաղաքակրթական վտանգները, այլ նաև Հայաստանում արևտյան քաղաքական «դիսկուրսի» գրեթե դատարկությունը, երբ գործնականում բոլոր մոտեցումները կառուցված են դուրս գալ-չգալու, կամ մի ուղղության համեմատ մյուսի ավելի լավն ու գրավիչ լինելու վրա: Այսինքն, բաներ, որոնք մարդկային և արժեհամակարգային տիրույթում հասկանալի ու պարզ են բոլորին վաղուց, կամ շատերին՝ եթե ոչ բոլորին, սակայն քաղաքական իմաստով ոչինչ են, որովհետև քաղաքականությունը շահերի շոշափում է, հաճախ անգամ արժեհամակարգային իմաստով հիմնավորապես տարբեր թվացող շահերի: Այդ տեսանկյունից, հերթական անգամ արտացոլվեց Հայաստանում արևմտյան քաղաքական ուղղության քաղաքական կոնցեպտուալ բովանդակության մշակման հրամայականը, երկրպագուական  աղմուկի փոխարեն: Սա կարևոր է նաև հենց արևմտյան գործընկերների համար՝ քաղաքական գործընկերների, որոնք Հայաստանում փնտրում են քաղաքականություն, որովհետև երկրպագուների պակաս չեն ունեցել երբեք: