Գնաճը որոշակի նվազման միտումներ է արձանագրում, քանի որ գնաճին նպաստող վճռական գործոնները չկան

Գնաճը որոշակի նվազման միտումներ է արձանագրում, քանի որ գնաճին նպաստող վճռական գործոնները չկան

Համավարակով ու հետպատերազմական խնդիրներով ուղեկցված 2021 թվականի ամփոփ տվյալներով՝ Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս է կազմել։ Գնաճը վերջին անգամ 4 տոկոսի սահմանն անցել էր 2014-ին։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ամենաշատը սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքներն են թանկացել՝ 2020-ի դեկտեմբերի համեմատ՝ շուրջ 13 տոկոսով։ Գրեթե այդչափ ավելացել են հագուստի գները։ Անցած տարվա ընթացքում միայն սննդամթերքի գնաճը որոշ ամիսներին անցնում էր 17 տոկոսից։ Գնաճը ի՞նչ վտանգներ է իր մեջ պարունակում երկրի տնտեսության համար, քաղաքացիների սոցիալական վիճակի առումով, արդյոք անակնկալ էր 7,7 տոկոս գնաճի ցուցանիշը, և արդյոք նույն խնդրին բախվելու ենք նաև 2022 թվականին: Այս հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ Արմեն Քթոյանի հետ, ով նշեց, որ գնաճը հիմնականում պայմանավորված է համաշխարհային շուկաներում տեղի ունեցող պրոցեսներով, սննդամթերքի համաշխարհային գները տարվա ընթացքում 20-25 տոկոսով աճ են արձանագրել, որոշ սննդամթերքների գծով այն կազմել է մինչև 50 տոկոս. «Սա չի կարող չանդրադառնալ մեզ մոտ գների վրա: Բացի այդ, գնաճի բարձր մակարդակի հիմնական պատճառներից մեկն այն է, որ պահանջարկը շատ արագ վերականգնվել է համաճարակից հետո, իսկ առաջարկը ավելի դանդաղ է հարմարվում իրավիճակին: Այստեղ առանցքային բառը հարմարվելն է, չնայած դանդաղ, բայց հարմարվում է, հետևաբար, որոշակի ժամանակահատված է պետք, որ առաջարկը գա հասնի պահանջարկին: Քանի որ համավարակով պայմանավորված սահմանափակումները արդեն տևական ժամանակ է, տարբեր երկրներում թուլացել են, դա նախադրյալ է ստեղծում, որ առաջարկն ավելանա և այն դեֆիցիտը, որ կարճաժամկետ եղել է, աստիճանաբար կրճատվում է: Դրա արդյունքում գների աճին նպաստող վճռական գործոնները չկան: Հետևաբար, համավարակի պատճառով ստեղծված գնաճային ֆոնը որոշակիորեն  ուլանում է: Դա այն է, ինչը մենք տեսնում ենք թվերով նաև մեզ մոտ»,-ասաց տնտեսագետը: Քթոյանի խոսքով, 7,7 տոկոս գնաճը, այո նախորդ ամսվա 9,7 տոկոսից էականորեն ցածր է, բայց եթե երկարաժամկետ միջակայքը դիտարկենք, որը Կենտրոնական բանկը ուղենիշ է դիտարկում, դրա համեմատ բարձր է. «Կարող ենք արձանագրել, որ գնաճը որոշակի նվազման միտումներ է արձանագրում»: Ինչ վերաբերում է տնտեսության վրա գնաճի ազդեցությանը, Քթոյանի ներկայացմամբ, այն ունի երկակի ազդեցություն. «Օրինակ, պղնձի համաշխարհային գների աճը դրական է ազդում մեր տնտեսության վրա, քանի որ նույն ծավալի պղնձի խտանյութ արտահանելով ավելի շատ եկամուտ ենք ստանում: Ռուսաստանի տնտեսությունն, ըստ էության, վերականգնվել է, որին նպաստել է հանքահումքային ռեսուրսների բարձր գները: Իսկ դա բերում է նրան, որ մեր տնտեսություն եկող տրանսֆերտների ծավալը վերականգնվել է և գտնվում է մեզ համար ցանկալի բարձր մակարդակի վրա: Բացի այդ, բարձր գները պետության տեսանկյունից նշանակում են ավելի բարձր հարկային եկամուտներ: Մյուս կողմից, բնականաբար, բարձր գները նոր սոցիալական խնդիրներ են ստեղծում հատկապես գնաճի առավել բարձր մակարդակ սննդամթերքի պարագայում, որտեղ ունենք երկնիշ գնաճ: Սա հատկապես ցածր եկամուտ ունեցող տնային տնտեսությունների համար լուրջ խնդիրներ է ստեղծում: Սա էլ գնաճի բացասական կողմն է: Գնաճն ինքնին եթե կտրուկ ու բարձր չի, ինքը էական խնդիրներ չի ստեղծում: Մեզ մոտ հիմա կարծես աստիճանաբար վերադառնում է իր նորմալ միջակայք կամ կառավարելիության տիրույթ»: Հարցին, թե թուրքական ապրանքների ներմուծման արգելքը հանելն ի՞նչ ազդեցություն կունենա ընդհանուր շուկայի վրա, Արմեն Քթոյանը պատասխանեց. «Այս դեպքում ևս ազդեցությունը երկակի է լինելու: Հատկապես հիմա, երբ թուրքական լիրան էլ ավելի է էժանացել, նշանակում է, որ թուրքական ապրանքները դրսի շուկաներում, այդ թվում մեր շուկայում շատ ավելի էժան կլինեն, քան նախկինում էին: Սա նշանակում է, որ էլ ավելի անհավասար մրցակցային իրավիճակ է լինելու հայրենական և թուրքական ապրանքների միջև: Մյուս կողմից մեր սպառողը հնարավորություն ունի ավելի էժան գնով ապրանք ձեռք բերել, և այդ առումով դրական է: Տնտեսության առումով վերջին մեկ տարվա ընթացքում շատ տնտեսվարողներ ներդրումային որոշումներ են կայացրել, արտադրություններ են հիմնել և հիմա այդ նախագծերը ռիսկի տակ են հայտնվում՝ բախվելով թուրքական ապրանքների մրցակցության հետ: Չնայած նախարարն ասում է, որ պետք է հսկողության տակ պահենք և եթե լուրջ ռիսկեր լինեն, աջակցության մեխանիզմներ կիրառեն, բայց ի վերջո, շուկան է ամեն բան որոշում: Եթե դու մրցունակ չես, ապա մրցունակ չես, այդտեղ աջակցություն գուցե տեսականորեն հնարավոր է, բայց գործնականում դժվար է: Սա տնտեսական էֆեկտի առումով, սակայն այստեղ կան նաև սոցիալական, բարոյական, քաղաքական որոշակի հարցեր»: