Մեր իրավապահները երկրի բոլոր ղեկավարների հայելին են․ Բադասյանը հայտարարում է՝ իր նկատմամբ հոգեբանական ճնշում է

Մեր իրավապահները երկրի բոլոր ղեկավարների հայելին են․ Բադասյանը հայտարարում է՝ իր նկատմամբ հոգեբանական ճնշում է

Ազատամարտիկ, այժմ՝ Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Վահան Բադասյանը դատարանում հայտարարել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իր նկատմամբ քննիչը հոգեբանական ճնշում է գործադրել: Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Նրան մեղադրանք առաջադրվել է այն բանից հետո, երբ 2021-ի հունվարի 28-ին «Եռաբլուր»-ում լրագրողներին տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել: «Դա ենթադրում է, որ թշնամուն մենք պետք է վերացնենք: Այո, նաև զենքի միջոցով... այո՛, ես սպառնալիքի կոչեր եմ անում և գիտակցաբար եմ անում, թող ԱԱԾ-ն ինձ ձերբակալի»,-ասել է նա: Վահան Բադասյանը նույն օրը բերման է ենթարկվել ԱԱԾ, ձերբակալվել, ապա՝ կալանավորվել: Երկու շաբաթ կալանավայրում մնալուց հետո Բադասյանի խափանման միջոցը փոխվել է, նա ազատ է արձակվել կալանքից: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահան Բադասյանն ասաց. «Դատական գործընթացում իսկույն երևում է Նիկոլի լկտիությունը: Դա արտահայտվում է իրավապահներին մեջ: Դրանք Լևոնի, Ռոբերտի, Սերժ ժամանակներից եկած իրավապահներն են և այսօր Նիկոլը սատանայաբար ինչ որ անում է, դա արտահայտվում է իրավապահներին գործողություններում: Երկրի իրավապահները երկրի բոլոր ղեկավարների հայելին են: Ինձ դատում են 301-րդ հոդվածով, սա նույն հոդվածն է, որ կիրառվել է նաև Ռոբերտ Քոչարյանի դեմ՝ Սահմանադրական կարգի տապալում, իշխանության բռնի զավթում: Ես ընդամենը գիտակցաբար հնչեցրել եմ սպառնալիքներ, որպեսզի ԱԱԾ-ն ինձ բերման ենթարկի, այդպես էլ ասել եմ: Որպեսզի ես հաղորդում ներկայացնեմ Նիկոլի հանցագործության մասին, դավաճանության վերաբերյալ: Դավաճանությունը պատերազմով Արցախը հանձնելն է, որ ասի՝ տեսեք, պատերազմ եղավ, պարտվեցինք: Ես այդ օրը՝ բանակի օրը, «Եռաբլուրում» հուզական վիճակում եմ եղել: Ես ասել եմ, որ Նիկոլը Արցախի տարածքները հանձնել է և այս տարածքներն է մեծացրել, գերեզմաններն է ավելացրել»: Հարցին, թե իր կարծիքով ինչպիսի՞ ելք կունենա դատավարությունը, Բադասյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ ելք կունենա, բայց ես երբեք չեմ ընդունելու իմ մեղադրանքը: Ես ինձ մեղավոր ճանաչում եմ բայց միայն իմ հնչեցրած սպառնալիքի մասով: Այո, ես գիտակցել եմ, որ սպառնալիք հնչեցնելը քրեական պատասխանատվություն է և հնչեցրել եմ, պատրաստ եմ պատասխանատվություն կրել այդ մասով: Ես սահմանադրական կարգը չեմ տապալել, բռնի իշխանությունն չեմ զավթել: Իրենք փորձում են Նիկոլի նման մանիպուլացնելով սարքել իմ վրա, բայց չի հաջողվելու»: Նա հայտարարեց, որ իր նկատմամբ եղել է բարոյահոգեբանական ճնշում. «Ես մանրամասն ներկայացրել եմ, թե որն է այդ ճնշումը: Օրինակ, ինձ չպետք է կալանավորեին, քանի որ իմ հնչեցրած սպառնալիքը չէր ենթադրում կալանավորում: Բայց կալանավորել են՝ ինձ վրա ծանր հոդված դնելով: Ինձ ասում է՝ ուրախ չե՞ս, որ եղունգներդ չես քաշում, նախկինում այստեղ եղունգներ էին քաշում: Ես ասացի՝ դուք իմ եղունգները քաշում եք, երբ ես վերքերի մեջ եմ, երբ պառկում եմ ոչ փափուկ անկողնում, իմ մարմնի երկաթները խանգարում են, ես անընդհատ պետք է շուռումուռ գայի ցավերի մեջ: Այդպես օրեր շարունակ: Դա ֆիզիկական ճնշում է: Այսինքն նաև ֆիզիկական ճնշում է եղել: Իմ տեղն այնտեղ չէր, բայց ինձ կալանավորել են: Սա բարոյահոգեբանական ճնշում է: Ցավոք սրտի դատավորն ու դատախազը այդպես էլ չհասկացան, թե որն է եղել իմ հանդեպ բարոյահոգեբանական ճնշումը: Սրանից ավելի էլ ի՞նչ պետք է լիներ»: