Բնակարանամուտ` վագոն տնակում 25 տարի ապրելուց հետո

Բնակարանամուտ` վագոն տնակում 25 տարի ապրելուց հետո

Բաբայանների ընտանիքը 25 տարի Ամանորը դիմավորել է վագոն-տնակում: Տոնածառի չափազանց համեստ չափն այդտեղ միշտ  հարմարեցվել է տարածքին, իսկ ընտանիքի միակ՝ տուն ունենալու երազանքը մնացել է անփոփոխ: 27 քմ մակերեսով երկաթյա անհրապույր կացարանում մեծացել է երեք երեխա: Այդտեղ է ծնվել նաև Բաբայանների առաջին թոռնիկը, ում մանկությունը, բարեբախտաբար, չի անցնելու նույն կերպ: 2022 թվականի Ամանորն այս ընտանիքի կյանք է մուտք գործել բառացիորեն՝ «ամեն ինչ նոր» սկզբունքով: Հերթական վագոն-տնակն, իր մեջ ամփոփված հիշողություններով, կտրվի մոռացության, իսկ Բաբայանները կապրեն չորսսենյականոց ընդարձակ տանը: Կոտայքի մարզի Քանաքեռավան համայնքում բնակվող Բաբայանները հին տոմարով Նոր տարին դիմավորել են կիսակառույցը տուն դարձնելու հարցում իրենց աջակցած կազմակերպությունների՝ Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարների հետ: Տարիների գործընկերների համար կարևոր ձեռքբերում է ոչ միայն մարդկանց կեցության պայմանների բարելավումը, այլև՝ նրանց հոգեբանության մեջ կատարվող դրական փոփոխությունը: Ընդարձակ ու լուսավոր սենյակների, մաքուր և հարմարավետ տան մասին ընտանիքի մայրը երազել է ոչ միայն տոներին, այլև ամեն բացվող առավոտ, 25 տարի շարունակ: Այժմ փոխվել են երազանքներն ու երբեմնի՝ տխրություն արտահայտող հայացքը: «Ձմռան ամիսներին վագոն-տնակի երկաթյա բարակ պատերը չէին պահում ներսում վառվող վառարանի ջերմությունը. ներսում ջերմաստիճանը րոպեների ընթացքում իջնում էր: Խոհանոցը դրսում էր, սանհանգույցի մասին չեմ ուզում խոսել… Տոն օրերին մարդիկ հյուրեր էին ընդունում, իսկ մեր տնակում՝ մեկ, երկու և նստելու տեղ չէր լինում: Դժվար էր, ինչ խոսք: Այսօր այդ ամենը  վատ երազ է թվում: Առանց օգնության, ո՞վ գիտի, էլ քանի՞ տարի կտևեր մեր զրկանքը», -ասել է տանտիրուհին՝ Արմիդան: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության համատեղ ծրագրի տասնամյա հաջողությունը խոսուն է. աջակցություն է ստացել 391 ընտանիք՝ Հայաստանի բոլոր մարզերում: «Արդեն տասը տարի իրականացնում ենք բնակարանաշինության ծրագիրը: Թվում է՝ ամեն ինչ նույնն է, սակայն նրբություններ կան: Երկու ընդհանրություն կա. ընտանիքների երազանքը և մեր նպատակը: Մնացյալը տարբեր է. դժվարությունների միջով անցած այս մարդիկ տարբեր են իրենց ապրած կյանքով: Նրանցից յուրաքանչյուրն անցել է խնդիրները հաղթահարելու իր ճանապարհը: Մեր նպատակը մեկն է՝ մարդկանց հանել անելանելի վիճակից, նրանց համար ստեղծել ապագայի հիմքեր և ամրացնել կամքն ու հավատը: Համոզված եմ, որ կենցաղի նոր պայմաններն ու հենարան ունենալու փաստն ամբողջովին կփոխեն նաև այս ընտանիքի կյանքը: Այդ փոփոխությունն է չափման այն միավորը, որը թույլ է տալիս հաջողված համարել մեր համատեղ ծրագիրը»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մեր ծրագրի նպատակը տան կարիքն ունեցող ընտանիքների բնակարանային խնդիրների լուծումն է, մինիմալ պայմանների ապահովումը: Սոցիալ-կենցաղային խնդիրներից թեթևացած մարդը ազատ է արարելու, ներկան վայելելու և ապագայի համար ավելի հեռահար պլաններ մշակելու հարցում: Մենք փորձում ենք մարդկանց տալ այդ հնարավորությունը», - ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում 2021 թվականին աջակցություն է ստացել 87 ընտանիք: