Մխիթարյանի սխալը․ Մոուրինյոն վիրավորելով ֆուտբոլիստներին հասնում է իր նպատակին

Մխիթարյանի սխալը․ Մոուրինյոն վիրավորելով ֆուտբոլիստներին հասնում է իր նպատակին

Իտալական «Ռոմայի» ղեկավարությունը մտադիր չէ պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Ավելին, ակումբի ղեկավարներն աջակցում են նրան և պատրաստ են կատարել նրա տրանսֆերային պահանջները։ Ըստ իտալական լրատվամիջոցների 58-ամյա մասնագետն Իտալիայի առաջնության 21-րդ տուրի խաղում «Յուվենտուսից» կրած 3։4 հաշվով պարտությունից հետո հանդիպում է ունեցել ակումբի ղեկավարների հետ, որոնք դժգոհություն չեն ներկայացրել։ Ավելի վաղ պորտուգալացի մարզիչը հայտարարել էր, որ «Ռոման» իրեն 3 տարի ժամանակ է տվել արդյունքների բարելավման համար։ «Ինձ երեք տարի են տվել, որպեսզի թիմը բարելավի արդյունքները, բայց դրա համար ինձ պետք է ակումբի օգնությունը։ Երբ խաղադաշտում բարդ վիճակ է լինում, մեր խաղացողներից ոչ ոք չի դրսեւորում առաջատարի որակներ, չկա ուժեղ բնավորությամբ մեկը։Այո, մենք կուժեղացնենք կազմը։ Մեյթլենդ-Նայլսից հետո կունենանք նաեւ ֆիզիկապես ամուր եւ բնավորություն ունեցող կիսապաշտպան։Պետք է դուրս գալ կոմֆորտի գոտուց, որտեղ բավարարվում ենք 6-7-րդ տեղերով։ Ես արդեն ասել եմ խաղացողներին, որ նրանք պետք է հոգեբանության տեսանկյունից հասնեն ինձ, ես չեմ շարժվելու նրանց ուղղությամբ»։ Իտալիայի առաջնության 21 տուրից հետո «Ռոման» 32 միավորով 7-րդ տեղում է։ Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնության 20-րդ տուրում էլ «Ռոման» ցուցադրելով բավական թույլ խաղ 3։1 հաշվով զիջել էր «Միլանին»։ Վերլուծելով վերջին զարգացումները կարող ենք ասել, որ Մոուրինյոյին ըստ էության հաջողվեց ձախողումները բարդել ֆուտբոլիստների վրա։ Պորտուգալացի մասնագետն ուղղիղ տեքստով վիրավորելով բոլոր խաղացողներին հայտարարեց, որ «Ռոմայի» անկման մեջ մեղավոր են բոլորը բացի իրենից։ Մոուրինյոն 3 տարի ժամանակ պահանջելով հայտնվում է իր իսկ ասած կոմֆորտի գոտում։ Երբ Մոուրինյոն գլխավորեց «Ռոման» շատերն այն կարծիքին էին, որ հանրահայտ ակումբում լուրջ փոփոխություններ տեղի կունենային։ «Ռոմայի» ղեկավարները ևս լիահույս էին, որ Մոուրինյոյի հետ կհաջողվի վերջապես տիտղոս նվաճել։ Ասել, որ ընթացիկ մրցաշրջանում Մոուրինյոյի թիմը լավ ֆուտբոլ է ցուցադրում, ճիշտ չի լինի։ Կարելի է հիշել մի քանի հանդիպում, որոնցում «Ռոմայի» ցուցադրած խաղը տպավորել է։ Ընդհանուր առմամբ «Ռոման» չունի այն պոտենցիալը, որը հնարավորություն կտա լուրջ խնդիրներ լուծել։ Ինչ խոսք նույնիսկ ներկայիս կազմով կարելի է ավելի հաջող խաղալ, բայց․․․։Կոնֆերենցիաների լիգայի 3-րդ տուրում իտալական «Ռոման» հոկտեմբերի 21-ին սենսացիոն պարտություն էր կրել հյուրընկալվելիս 6։1 հաշվով զիջելով նորվեգական «Բուդյո-Գլիմտին»: Սա «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայի ամենաստորացուցիչ պարտությունն էր։ Մասնավորապես, նրա գլխավորած թիմերից «Ռոման» դարձել էր առաջինը, որը բաց էր թողել 6 գնդակ։ Մինչ այդ Մոուրինյոյի ամենախոշոր պարտությունը եղել էր «Ռեալում»։ 2010 թվականին մադրիդյան թիմը Էլ կլասիկոյում 0։5 հաշվով պարտվել էր «Բարսելոնային»։ Որոշ փորձագետներ «Ռոմայի» այս պարտությունը որակել էին դրվագային ձախողում։ Այո սայթաքումներից ոչ մի թիմ ապահովագրված չէ։ Վերջին երկու հանդիպումներում սակայն համոզվեցինք, որ «Ռոմայում» խնդիրները ավելի խորն են, որոնք պահանջում են լուծումներ։ Փաստենք սակայ, որ ամռանը գլխավորելով «Ռոման» Մոուրինյոն այն կարծիքին էր, որ ներկայիս կազմով հնարավոր կլինի Իտալիայի Ա սերիայում տեղ զբաղեցնել լավագույն քառյակում։ Հավանաբար նույն կարծիքին էր նաև Հենրիխ Մխիթարյանը, որն ամռանը երկարաձգեց պայմանագիրը այս թիմի հետ։ Մխիթարյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էին այլ ակումբներ, բայց Հայաստանի հավաքականի ավագը որոշեց մնալ և շարունակել պայքարը Հռոմի թիմում։ Ընթացիկ մրցաշրջանում համոզվում ենք, որ Մոուրինյոն և Մխիթարյանը սխալվեցին։ «Ռոման» շարունակում է մնալ իտալական միջին մակարդակի ակումբ, որը լավագույն դեպքում ելույթ է ունենում Եվրոպա լիգայի խաղարկությունում։ Այս մրցաշրջանում իտալական ակումբը հանդես է գալիս կարգով ավելի ցածր Կոնֆերենցիաների լիգայում։ Ինչ է իրականում հարկավոր «Ռոմային» ավելի լուրջ խնդիներ լուծելու համար։ Պատասխանն ավելի քան պարզ է․ 4-5 կարգով ավելի ուժեղ ֆուտբոլիստներ։ Այս մասին Մուրինյոն բարձրաձայնեց միայն ծանր իրավիճակում հայտնվելուց հետո։ Այսօր խնդիրներ կան «Ռոմայի» գրեթե բոլոր խաղային օղակներում։ Այո, Պելեգրինին, Մխիթարյանը կամ Աբրահամը լավ ֆուտբոլիստներ են, բայց այս գործիքակազմով ուղղակի հնարավոր չէ հաղթել «Միլանին», «Յուվենտուսին», կամ օրինակ «Լացիոյին»։