Ամենաթանկ Բիչախչյանը․ ուշագրավ մանրամասներ ֆուտբոլիստի տրանսֆերից

Ամենաթանկ Բիչախչյանը․ ուշագրավ մանրամասներ ֆուտբոլիստի տրանսֆերից

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը կարիերան կշարունակի Լեհաստանում: Երեկ մեր ֆուտբոլիստը 3․5 տարվա պայմանագիր կնքեց լեհական Շեցին քաղաքի «Պոգոն» թիմի հետ: Բիչախչյանը 2017 թվականից հանդես էր գալիս Սլովակիայի «Ժիլինա»-ի կազմում: The Guardian-ի վարկածով 2016 թվականին հայ կիսապաշտպանը դասվում էր աշխարհի ամենատաղանդավոր 60 պատանի ֆուտբոլիստների շարքում։ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կազմում Բիչախչյանը նորամուտը նշել է 2020 թվականին: Մինչ այդ նա տպավորիչ ու արդյունավետ ելույթներով աչքի էր ընկնում Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականներում։ «Հրաշալի զգացողություն ունեմ: Շատ ուրախ եմ «Պոգոն»-ին միանալու համար: Գիտեմ, որ հավակնոտ ակումբ է, ունի գերազանց ֆուտբոլիստներ, անձնակազմ, ինչպես նաև ակադեմիա: Ուրախ եմ նրանց միանալու համար, ու ես կփորձեմ ցուցադրել իմ լավագույն որակները՝ առաջին հերթին երկրպագուներին, ինչպես նաև լեհերին ուրախություն պարգևելու համար:Երկու ամիս է՝ հետևում եմ «Պոգոն»-ի խաղերին, արդյունքներին, գիտեմ, որ նոր մարզադաշտ է կառուցվում, որը գրեթե պատրաստ է: Անհամբերությամբ եմ սպասում «Պոգոնի» հետ առաջին րոպեներին: Գիտեմ, որ «Պոգոն»-ը Լեհաստանի չեմպիոն դառնալու մեծ նպատակներ ունի: Ես ջանասիրաբար կաշխատեմ՝ լավագույն խաղս ցուցադրելու համար, որ օգնեմ թիմին մեր նպատակներին հասնելու գործում: Կարող եմ ասել, որ հասկանում եմ, երբ մարդիկ ինձ հետ խոսում են, սակայն ժամանակ է հարկավոր, որ լեհերեն խոսեմ: Կփորձեմ հնարավորին չափ արագ լեհերեն սովորել»,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Բիչախչյանը։ Ինչևէ, Բիչախչյանի տեղափոխությունը «Պոգոն» կարելի է համարել նրա կարիերայում էական առաջընթաց։ Ըստ Transfermarkt պարբերականի նախորդ տարվա դեկտեմբերին Բիչախչյանի տրանսֆերային արժեքը ավելանալով 300 հազար եվրոյով, դարձել է 900 հազար եվրո։ Նույն  պարբերականի համաձայն, «Պոգոն»-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է հենց այդքան գումար։ Այսպիսով, Բիչախչյանը դարձավ «Պոգոն-ի» պատմության ամենաթանկ ձեռքբերումը։ Ի դեպ՝ Բիչախչյանը «Ժիլինա»-ի ամենաթանկ ֆուտբոլիստն էր։ Նշենք, որ Ժիլինայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը այս պահին  կազմում է 6,7 մլն եվրո։ Այս պահին «Ժիլինա»-ի ամենաթանկ երկու ֆուտբոլիստների արժեքը կազմում  է 450 հազար եվրո։ Իսկ «Պոգոն»-ի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կամզում է 18,7 մլն եվրո։ Սա նշանակում է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց  որակապես մոտ երեք անգամ ավելի ուժեղ ակումբ։ «Պոգոն»-ում այս պահին  խաղում են միանգամից 6 ֆուտբոլիստ, որոնց տրանսֆերային արժեքը 1 մլն և ավել  եվրո է։ «Պոգոն»-ի երկու ֆուտբոլիստ ելույթ են ունենում Լեհաստանի ազգային հավաքականի կազմում։ Եվս մեկը՝ Սլովենիայի ազգային թիմում։ Նշենք, որ Վահան Բիչախչյանը դարձավ լեհական ակումբի 9-րդ լեգիոները։ Լեհաստանի ընթացիկ առաջնությունում «Պոգոն»-ը 19 խաղից հետո 37 միավորով երկրորդն է և պայքար է մղում չեմպիոնի կոչման համար։ Առաջատարը 41 միավորով  Լեխի «Պոզնան» է։ Ինչևէ, 22-ամյա Բիչախչյանն համարվում է մեր հավաքականի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը։ Նախորդ տարվա մայիսին, գրավելով Շվեդիայի ազգային թիմի դարպասը, իր առաջին գոլը խփեց Հայաստանի հավաքականի կազմում։ Վստահ ենք, որ ավելի ուժեղ ակումբում և թեժ մրցակցային պայմաններում Բիչախչյանի խաղային որակները զգալիորեն կբարձրանան։