Կապիտուլյացիա 7 րոպեում․ Մոուրինյոն մեղադրում է, իսկ Մխիթարյանը․․․

Կապիտուլյացիա 7 րոպեում․ Մոուրինյոն մեղադրում է, իսկ Մխիթարյանը․․․

Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Յուվենտուսը» Հռոմում, գերդրամատիկ պայքարում 3։4 հաշվով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ։ Հենց խաղասկզում Թեմի Աբրահամը բացեց հաշիվը, սակայն 7 րոպե անց Պաուլո Դիբալան խփեց պատասխան գոլը։ 48-րդ րոպեին «Ռոմայի» առաջ մղեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ 53-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին խփեց «Ռոմայի» երրորդ գոլը, սակայն 70-րդ րոպեին Մանուել Լոկատելլին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ երկու րոպե անց Դեյան Կուլուսևսկին հավասարեցրեց այն։ Արդեն 77-րդ րոպեին Մատիա Դե Շիլյոն խփեց թուրինյան թիմի չորրորդ գոլը։83-րդ րոպեին Մատեիս դե Լիխտը կարմիր քարտ ստացավ։ Վերջինիս ձեռքով խաղի արդյունքում նշանակվեց 11-մետրանոց հարված, որը չկարողացավ դիպուկ իրացնել Պելեգրինին։ Ունենալով տարածքային խաղային շոշափելի առավելությունը, «Ռոման» ըստ էության տապալվեց։ Ընդունենք, որ սեփական հարկի տակ երկրորդ կեսում 3։1 հաշվով հաղթող թիմը ուղղակի իրավունք չուներ պարտվելու։ Ընդամենը 7 րոպեում խփելով երեք գոլ «Յուվենտուսը» կապիտուլյալցիայի ենթարկեց «Ռոմային»։ Վերջին իրական հնարավորություն ուներ փրկել խաղը և վաստակել գոնե մեկ միավոր, բայց․․․։ Խաղից հետո «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատարվածի համար մեղադրել է իր ֆուտբոլիստներին։ «Ես չէի ցանկանա անհատապես քննադատել խաղացողներին, բայց ստիպված եմ դա անել։ 70 րոպե վերահսկում էինք խաղը, թիմը շատ լավ խաղաց՝ մեծ մոտիվացիայով։ Այնուամենայնիվ, տեղի ունեցավ հոգեբանական անկում։ 3:2 հաշիվն ցնցեց ինձ։ Ֆելիքսն արտասովոր խաղ ցուցադրեց, բայց հետո ես փոխարինեցի նրան, և խաղացողը, ով դուրս եկավ խաղադաշտ, սխալվեց հենց առաջին րոպեին: Ուժեղ մտածելակերպ ունեցող թիմում 3:2 հաշվի հետ խնդիրներ չպետք է լինեն։ Պետք է մնալ կենտրոնացած, բայց մեզ համար դա խնդիր է դարձել, քանի որ ի հայտ են եկել բարդույթներ, հոգեբանական թուլություններ և այլն»,- ասել է Պորտուգալացի մասնագետը։ Հիշեցնենք, որ նախորդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով զիջել էր Ա սերիայի մեկ այլ ֆավորիտի՝ «Միլանին»։ Այս պարտությունից հետո Մոուրինյոն մեղադրելով մրցավարներին նշել էր նաև, որ «Ռոման» միջին կազմ ունի և ըստ էության չի կարող լուծել լուրջ խնդիրներ։ «Նույնիսկ 0:2-ի ժամանակ մենք մնացինք խաղի մեջ, բայց Ռիկ Կարսդորպի հեռացումից հետո ամեն ինչ ավարտվեց:Միաժամանակ ասեմ, որ մեր խաղը շատ թույլ էր։ Եթե նայեք առաջին երկու գոլերին, ապա դրանք խփվեցին, երբ մենք երկու անգամ գնդակ կորցրինք պարզ իրավիճակներում։ Մեր խաղի որակը միանշանակ լավը չէր։ Այսօր ինձ դուր չեկավ ոչ մրցավարի աշխատանքը, ոչ էլ իմ թիմի խաղը: Մրցավարի և նրա տեսաօգնականի աշխատանքը նույնպես որակից զուրկ էր։ Ես տեսա, որ Տեմի Աբրահամը ձեռքով շարժում կատարեց, բայց դա գնդակը կասեցնելու փորձ չէր: Եթե նման բանի համար տալիս ես 11 մետրանոց հարված, ապա պետք է նաև դրանք տաս Ձանիոլոյի և Իբանյեսի նկատմամբ խախտումների համար:Ես չեմ սիրում դա ասել, բայց պետք է ասեմ, որ ես չհասկացա, թե ինչ էին անում այսօր մրցավարն ու VAR-ը։Բայց ես չեմ ժխտի, որ մենք լավագույն ձևով չխաղացինք։ Մենք միջին կազմ ունենք, ուստի գնում ենք աղյուսակի մեջտեղում, որտեղ և այսօր «Ռոմայի» տեղն է: Շատ սխալներ թույլ տվեցինք, և դա ոչ թե մարտավարության, այլ անհատական որոշումների խնդիր էր։Անչափ վատ արդյունք է, քանի որ ոչ մի միավոր չվաստակեցինք։ Բայց ես հոգեպես պատրաստ կլինեմ հաջորդ խաղին՝ «Յուվենտուսի» հետ, երբ այս հարցազրույցն ավարտվի: Դժվար է լինելու»,- ասել էր Մոուրինյոն։ Երեկ համոզվեցին, որ «Ռոման» պատրաստ չէր նաև հոգեպես։ Մոուրինյոն ըստ էության մեղադրում է բոլորին չխոսելով մարզական սխալների և բացթողումների մասին։ Անդրադառնանք թերևս Հենրիխ Մխիթարյանին։ Մեր ֆուտբոլիստները երեկ լավագույններից էր խաղադաշտում և վստահաբար կարող ենք ասել, որ ցույց տվեց փայլուն խաղ։ Աբրահամի և Պելեգրինիի հետ հայ կիսապաշտպանը ստացել է ամենաբարձր գնահատականը «Ռոմայի» կազմում։ Երեկվա հանդիպումը կրկին ցույց տվեց, որ ժամանակն է, որպեսզի Մխիթարյանը շարունակի կարիերան ավելի ուժեղ և մարտունակ թիմում։ Այս հաղթանակի շնորհիվ «Յուվենտուսը» վաստակեց 38 միավոր և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ «Ռոման» 32 միավորով 8-րդ տեղում է։