Դուք վերջն եք, Ձեր նմանը չկա․ ՀՖՖ-ի քվեարկության «ֆանտաստիկ» արդյունքները

Դուք վերջն եք, Ձեր նմանը չկա․ ՀՖՖ-ի քվեարկության «ֆանտաստիկ» արդյունքները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր ամփոփեց «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ: 54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: 45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը: Ի՞նչպես գնահատել քվեարկության արդյունքները։ Այն, որ Խոակին Կապառոսը Հայաստանում աշխատող լավագույն մարզիչն է կարծում ենք անհերքելի է։ Նախորդ տարի Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը պատմական հաջողության հասավ հաղթող դառնալով Ազգերի լիգայի C դիվիզիոնում։ Այո, անցյալ տարի Կապառոսը մրցակցությունից դուրս էր և արժանիորեն ճանաչվեց լավագույն մարզիչ։ Այս տարի Հայաստանի ազգային հավաքականը Կապառոսի գլխավորությամբ ցնծության պահեր պարգևեց բոլորիս։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում Լիխտենշտեյի, Իսլանդիայի և Ռումինիայի նկատմամբ տարած մեկնարկային հաղթանակներից հետո թվում էր թե մեր ազգային թիմը պատրաստ է և կարող է նվաճել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Բոլորս հավատում էինք, Կապառոսին և մեր ֆուտբոլիստներին։ Ընտրական փուլի հաջորդ 7 հանդիպումներում, սակայն Հայաստանի հավաքականը ձախողվեց վաստակելով ընդամենը 3 միավոր։ Ընդհանուր առմամբ Հայաստանի հավաքականի արդյունքը բավարար կարելի է համարել ընտրական շրջափուլում։ Բայց արդյո՞ք Կապառոսի գրանցած արդյունքը բավարար է նրան տարվա լավագույն մարզիչ ճանաչելու համար։ Արդյոք Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից 0։5 հաշվով կրած պարտությունից հետո կարելի է ասել, որ Կապառոսը արժանի էր լավագույնի կոչմանը։ Պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը։ Ցավալի է թերևս, որ մենք գործ ունենք անառողջ ֆուտբոլային հասարակության հետ։ Փորձենք պարզաբանել ինչու։ Կապառոսին տարվա լավագույն մարզիչ համարողները կարծում ենք ֆուտբոլից այնքան էլ լավ չեն հասկանում։ Եթե մարզչին չի հաջողվում լուծել թիմի առջև դրված խնդիրը, ապա նա չի կարող հավակնել լավագույնի կոչմանը, ուղղակի չի կարող։ Կապառոսը մինչև Հյուսիսային Մակեդոնիայի հետ երևանյան խայտառակ հանդիպումը խոսում էր երկրորդ տեղը գրավելու հնարավորությունների մասին։ Իսպանացի մասնագետին չհաջողվեց լուծել խնդիրը իսկ վերջին երկու հանդիպումներում Հայաստանի հավաքականը բաց թողեց 9 գնդակ խփելով ընդամենը մեկը։ Թող չթվա թե մենք փնովում ենք իսպանացի մասնագետին։ Բնավ ոչ։ Ունենք այն ինչ ունենք և իրավիճակին նայում ենք բաց աչքերով։ Կրկինում ենք Հայաստանում Կապառոսի «կալիբրի» մասնագետ չկա, բայց դա չի նշանակում, որ նրա արդյունքը լավագույնն է։ Կա մտավախություն, որ Կապառոսի օգտին քվեարկությունը կարող է ուղղորդված լինել։ Ընդունենք, որ հնարավոր պատվեր կատարողները շատ ավելի վտանգավոր են ֆուտբոլից լավ չհասկացողներից։ Քվեարկության, ըստ էության ֆանտաստիկ արդյունքներից հետո մնում է թերևս շնորհավորել ՀՖՖ-ի ղեկավարությանը և ասել, Դուք վերջն եք, Ձեր նմանը չկա։ Խոսենք նաև երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Դիմտրի Գունկոյի մասին։ Վերջինիս գլխավորությամբ «Արարատ-Արմենիան» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայում 15-րդ տուրից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Արդյո՞ք այս արդյունքը բավարար է նրան երկորդը ճանաչելու համար։ Այս հարցի պատասխանը ևս թողնում ենք ընթերցողի հայեցողությանը։ Լավագույն մարզիչը պետք է որոշվի մասնավորապես արդյունքների հիման վրա։ «Առաջին լրատվական»-ը մշտապես զերծ մնալով նման մակարդակի քվեարկություններրին մասնակցելուց, տարվա լավագույն մարզիչ է համարում Վարդան Բիչախչյանին։Այս մասնագետի գլխավորությամբ «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը, Կոնֆերենցիաների լիգայում պայքարից դուրս թողեց հունգարական ուժեղագույն թիմերից «Ֆեհերվարին»։ Վերջինիս կազմում ընդգրկված են Հունգարիայի հավաքականի 5-6 ֆուտբոլիստներ որոնք մասնակցել էին Եվրո-2020-ին։ Եվ ընդհնարապես Բիչախչյանի գլխավորած թիմերը մշտապես աչքի են ընկել կայուն և որակյալ խաղով։ Երկրորդ տեղում տեսնում ենք Ալեքսանդր Գրիգորյանին, որը կարճ ժամանակ աշխատելով «Ալաշկերտում» հասավ պատմական հաջողության։ Մասնավորապես թիմը նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը եվրագավաթներում հասավ մինչև Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլ։ Գրիգորյանն կարող էր լինել նաև լավագույնը, սակայն նրա աշխատանքը «Ալաշկերտում» կարճ տևեց։ Ի տարբերություն Բիչախչյանի արդյունքի, Գրիգորյանի գրանցած արդյունքը դրվագային էր։ Եվ վերջապես, երրորդ տեղում տեսնում ենք Վարազդատ Ավետիսյանին։ Վերջինիս հաջողվեց Մ-19 տարեկանների հավաքականի հետ հաղթահարել Եվրոպայի առաջնության ընտրական փուլը նվաճելով Էլիտ ռաունդի ուղեգիր։ Սա լուրջ և խրախուսման արժանի արդյունք է։