«Սեւանի» նախագահը Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է բանավեճի

«Սեւանի» նախագահը Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է բանավեճի

«Սեւան» ֆուտբոլային ակումբի պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ակումբի նախագահը՝ ՀՖՖ-ի նախագահ Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է բանավեճի։ Հայտարարության մեջ մասնավորապես ասված է․ «Հարգելի ֆուտբոլասերներ, դեկտեմբերի 20-ին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը տարվա ամփոփիչ ասուլիս տվեց, որին «հավատարմագրվել» էին միայն այն լրագրողները, որոնք, ցավոք, այդպես էլ ոչ մի սուր և քննադատող հարց չտվեցին գործող նախագահին։ Ստացվեց, որ մեր ֆուտբոլում ամեն ինչ լավ է, հիանալի և Մելիքբեկյանի ղեկավարած ֆուտբոլային կառույցը մեծ քայլերով գնում դեպի պայծառ ապագա։ Միակ սև բիծը «Սևան» ՖԱ-ի հետ կապված խնդիրն էր։ Մելիքբեկյան Արմենը, ինքը լինելով մանիպուլյացիայի մեծ վարպետ և ուսուցիչ, ուրիշներին է մեղադրում այդ գործում, բայց ամբողջ ասուլիսի ընթացքում հաջողությամբ և սառնասրտորեն մոլորեցրեց ֆուտբոլասեր հանրությանը իր ոչ ճիշտ պատասխաններով և սուտ խոստումներով։ Եթե Մելիքբեկյանն իրոք արդար է և պատրաստ է ազնվորեն խոսել ֆուտբոլային հանրության առաջ, ապա Արմեն Մելիքբեկյանին հրավիրում եմ ուղիղ եթերով բանավեճի իր նախընտրած հեռուստաալիքով, իր նախընտրած տեղում, իր նախընտրած մարդկանց ուղեկցությամբ, իր նախընտրած ֆորմատով, իր նախընտրած հաղորդավարով։ Օրվա և ժամի ընտրությունը նույնպես թողնում եմ Մելիքբեկյանի հայեցողությանը։ Իմ միակ պայմանն է, որ դա լինի ուղիղ եթերում և օրն ու ժամը նշվի նախատեսվող հանդիպումից առնվազն մեկ շաբաթ առաջ։ Հրաժարվելու դեպքում կհաստատվի իմ մտավախությունը այն մասին, որ Մելիքբեկյանը ստախոս է, վախենում և խուսափում է խոսել ֆուտբոլային առկա բոլոր խնդիրների մասին»։