Ալեն Սիմոնյանը Մադրիդում խոսել է ԼՂ հակամարտության ու Սոչիի հանդիպման մասին

Ալեն Սիմոնյանը Մադրիդում խոսել է ԼՂ հակամարտության ու Սոչիի հանդիպման մասին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Իսպանիայի խորհրդարանի հովանու ներքո անցկացվող Միջխորհրդարանական միության 143-րդ քառօրյա վեհաժողովին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։ Այսօր` նոյեմբերի 28-ի նիստում ունեցած ելույթում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա պատերազմին՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում հակամարտության կարգավորման երկարատեւ լուծում գտնելու անհրաժեշտությունը: Հետպատերազմյան իրադարձությունների ներկայացման համատեքստում Ալեն Սիմոնյանը ներկաներին հիշեցրել է երկու օր առաջ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի Սոչիում կայացած հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են իրավիճակը կայունացնելու ուղիները՝ բոլոր տրանսպորտային և հաղորդակցության միջոցների ապաշրջափակումը, մարդասիրական խնդիրների լուծումը, այդ թվում` հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձը: Ազգային ժողովի նախագահն իրավիճակի ապակայունացումն ու տարածաշրջանային հակամարտությունների վտանգը համարել է ժողովրդավարության զարգացման լուրջ մարտահրավերներից մեկը։ Նա ժողովրդավարության ժամանակակից մարտահրավերներից է համարել կոռուպցիան՝ հավելելով, որ դրա դեմ պայքարը Հայաստանի իշխանության հիմնական առաջնահերթություններից մեկն է: