Երբեմն կտրուկ «Ո՛չ» ասելու խիզախություն, աշխարհը նաև Ռուսաստանից դուրս պատկերացնելու կարողություն է հարկավոր

Երբեմն կտրուկ «Ո՛չ» ասելու խիզախություն, աշխարհը նաև Ռուսաստանից դուրս պատկերացնելու կարողություն է հարկավոր

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Պարոն Հայրապետյան, ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը և ընդունված հայտարարությունը։ Որքանո՞վ էր այն բխում մեր շահերից։ Ռուսաստանի միանձնյա կնքահայրությամբ որևէ հանդիպում կամ հայտարարություն օբյեկտիվորեն չի կարող բխել մեր շահերից: Մեզ համար արդեն իսկ նվաճում կարող է համարվել, եթե այն նվազ կորստաբեր է մեզ համար: Այս անգամ, ելնելով վարչապետի հանրայնացված խոսքից և հայտարարության տեքստից, կարծես թե, ի վնաս հայկական կողմի լուրջ բան չկա: Հայաստանում շարունակվում են հանրահավաքները։ Հավաքի կազմակերպիչներն այն անվանում են ազատագրական պայքար, երեկվա ստորագրված հայտարարությունը նրանք համարում են հայտարարություն ոչնչի մասին։ Ինչպիսի՞ ազդեցություն կունենա երեկվա հայտարարությունը ներքին կյանքի վրա։ Ցավոք, մեր երկրի ներքին վայրիվերումները միշտ ուղղորդվել են դրսից: Կհաջողվի՞ արդյոք հանրահավաքների կազմակերպիչներին ինքնուրույն երանգ և ուղղություն մտցնել իրենց քաղաքական պայքարի մեջ, ժամանակը ցույց կտա: Անկախ ամեն ինչից, այդ հանրահավաքներն ունեն մի անգնահատելի արժեք – նրանք արտաքին աշխարհին ցույց են տալիս, որ հայ ժողովրդի իմունոհամակարգը քայքայված չէ, ուստի միայն ՀՀ իշխանությունների վրա ճնշումներ գործադրելով չեն կարող որպես մանրադրամ օգտագործել հայկական շահը: Եթե ինչ-որ հայաստանակենտրոն բան կա մեր մեջ, ապա այդ, իրոք, գրեթե ոչինչ չասող հայտարարությունից հետո պարտավոր ենք մտածել և գործել ավելի թափով, բայց բացառելով ներազգային թշնամանքն ու ատելությունը: Հիմա մեր ընդդիմությունից է կախված, թե կորդեգրի 1920թ.-ի հեղկոմի դրածոյակա՞ն գործունեություն, թե՞ այնուամենայնիվ կճեղքի կախվածության շղթաներն ու կամրապնդի ազգային դիմադրողականությունը: Աստված խոհեմություն տա սատանայի ձին հեծնած մեր իշխանությանն ու հակաիշխանությանը: Հայտարարության մեջ նշվում է, որ մինչև տարեվերջ կստեղծվի սահմազատման և սահմանագծման հարցերով եռակողմ հանձնաժողով: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանն այս գործընթացից: Ինչպես ռուսական քաղաքական մտքի հայրերից և ողջ մարդկության երբևէ ծնած ճիվաղներից մեկը՝ Լենինն էր ասում՝ «Եթե ուզում եք գործը տապալել, ապա ստեղծեք հանձնաժողով», այնպես էլ մենք շատ բան չունենք վախենալու այդ եռակողմ հանձնաժողովից, քանի որ գործը կձգձգվի, իսկ ժամանակն արդեն իսկ աշխատում է մեր օգտին: Եթե արդյունավետ օգտագործենք այդ ժամանակը, ապա հնարավոր կլինի սահմանազատման և սահմանագծման հարցը եռակողմ այս ձևաչափից սահուն կերպով փոխադրել ավելի անաչառ արբիտրների դաշտ, ինչպիսին այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Միայն փոքր-ինչ ոգեղենություն, երբեմն կտրուկ «Ո՛չ» ասելու խիզախություն, սահմանդ զենքով հատածի վրա կրակ բացելու հրաման տալու և աշխարհը նաև Ռուսաստանից դուրս պատկերացնելու կարողություն է հարկավոր: Պարոն Հայրապետյան, ներքին շարժումները ինչ-որ վտանգներ ունեն իրենց մեջ, որքանո՞վ ներքին իրավիճակը կապակայունանա։ Ցանկացած շարժում իր ներսում ունի թե՛ ավերման, թե՛ արարչական սկիզբ: Հուսամ՝ այնքան անհրաժեշտ ներքին շարժումներ բորբոքողները ևս կունենան փոքր-ինչ ոգեղենություն, իրենք էլ կկարողանան երբեմն կտրուկ «Ո՛չ» ասել և կզորեն աշխարհը պատկերացնել նաև Ռուսաստանից դուրս: Եթե այդ կարողությունները չեղան, ապա Ռուսաստանը հենց նրանց միջոցով կապակայունացնի իրավիճակը՝ մեր պատմության մեջ նրանց համար ապահովելով սարգիսկասյանների ու ավիսնուրիջանյանների ստոր ու դավաճանական տեղը: