Այս գործընթացը քողարկված միջոց է՝ անվստահություն հայտնելու գործող տնօրեններին

Այս գործընթացը քողարկված միջոց է՝ անվստահություն հայտնելու գործող տնօրեններին

«Առաջին լրատվականի» հարցերին  պատասխանել է  կրթության փորձագետ  Սերոբ Խաչատրյանը: Պարոն Խաչատրյան,ԿԳՄՍ-ն հայտարարել է, որ այլևս երկու տնօրեն չի լինելու դպրոցներում: Լինելու է մեկ տնօրեն, որը զբաղվելու է բովանդակային հարցերով, այսինքն՝ միայն կրթական մասով, իսկ  դպրոցի վարչատնտեսական հարցերի համակարգմամբ զբաղվելու է մեկ այլ անձ: Դպրոցի գույքի կառավարման հարցերն այլևս դպրոցի տնօրենի կողմից չեն որոշվելու որպես նրա գործառույթ: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս փոփոխությունը: Սա իսկապես կբարձրացնի դպրոցների ղեկավարման արդյունավետությունը: -Կարծում եմ՝ այս գործընթացը քողարկված միջոց է՝ անվստահություն հայտնելու գործող տնօրեններին՝ նրանց ազատելով վարչարարությունից ու տնտեսական ղեկավարումից, թողնելով միայն կրթության արդյունավետ կազմակերպման մասին հոգալու պարտավորությունը: Ես այս փոփոխության  ենթատեքստից հասկանում եմ, որ այն իրականում  նպատակն ունի պարզապես ավելի բարեկիրթ մատուցմամբ: Իմ համոզմամբ՝այսպիսով պետությունն ավելացնում է իր  վերահսկողությունը, կառավարելու մեխանիզմը: Մյուս կողմից, սակայն, բավականին վիճարկելի է։ Այս տարբերակը հարմարեցված չէ մեր դպրոցական համակարգին։ Ստացվում է, որ դպրոցը երկու տնօրեն է ունենալու՝ կրթական մասով պատասխանատու և վարչատնտեսական։ Այս առանձնացումը ճիշտ չէ։ Հնարավոր է և ճիշտ է դա միայն տեղակալների կարգավիճակով, որոնք կունենան իրենցից վեր  ղեկավարող  անձ: Հակառակ դեպքում՝ շատ պարտականություններ կարող են  միմյանց վրա  բարդել: Մի պարզունակ հարց տամ. օրինակ՝   հավաքարարները ումն են  հաշվետու լինելու։ Կամ  տնօրենը անընդհատ ստիպված է լինելու տնտեսական հարցերով զանգելու մյուսին ու ճշտումներ անել՝տեղյակ չլինելով խնդրից։ Մեկ հոգին պետք  է պատասխանատու լինի: Ավելի հասկանալի լինելու համար՝ մի օրինակ ասեմ. ցանկացած ընտանիքի կառավարման մեջ  բովանդակային, ֆինանսական ու տնտեսական կողմերը առանձին լինել չեն կարող, դրանք փոխկապակցված հարցեր են և այդպես էլ լուծվում են, նույնն էլ դպրոցի կառավարման մեջ է:  Բացի այդ՝ մի քանի փոքր համայնքներում  այդ վարչական տնօրենները հնարավոր է միանգամից  մի քանի դպրոցներ  տնօրինեն: Այս առումով  ևս որոշակի անհարմարություններ են առաջանալու: Այս պարագայում դժվար է պատկերացնել՝ինչպես է հարևան գյուղի դպրոցի խնդիրները մյուս գյուղի դպրոցի վարչական ղեկավարը արդյունավետ լուծելու: Փոխվում է նաև տնօրենների նշանակման կարգը: Այո´, տնօրեններին այլևս մրցույթով չեն ընտրելու, այլ  նշանակելու է պետական մարմինը, որը իրավասու է լինելու  մեկ տարի անց անվստահություն հայտնել այդ տնօրենին: Այստեղ էլ մի քիչ անհասկանալի է՝ ինչու են երեք տարով նշանակելու, քանի որ դժվար է երեք տարում  չափել տվյալ տնօրենի ղեկավարման  արդյունավետությունը: Երեք տարին քիչ է, կարծում եմ: -Պարոն Խաչատրյան, oրենքի փոփոխությամբ՝ դպրոց ընդունվելիս առաջնահերթություն է նախատեսվում  տալ  նաև տվյալ դպրոցին մոտ բնակվող երեխաներին, Հայաստանի Հանրապետության տարածքում ներքին գործուղման հետևանքով՝ առնվազն 6 ամիս ժամկետով այլ բնակավայր տեղափոխված պետական համակարգի աշխատողների երեխաներին, որոնց թվում հատկապես հաճախ են հանդիպում զինվորական ծառայողները: -Այստեղ էական փոփոխություն չկա, սա նորմալ է և ճիշտ է, որ ընդառաջելու են զինծառայողների ընտանիքներին՝ավելի հեշտացնելու նրանց գործը։ Կարծում եմ՝ նպատակ է հետապնդում՝ որոշակիորեն բեռնաթափելու դպրոցները։ Որոշակի խմբերի որոշակի արտոնություններ տալը տրամաբանական, ճիշտ որոշում է։  Մի քանի դպրոցներ, որոնք  չափից շատ  աշակերտներ էին ունենում, կնվազի քանակը ինչ-որ չափով։ Արդյունքում որոշ ծնողներ չեն կարողանա իրենց երեխաներին տանել նախընտրած դպրոց, ինչը էական խնդիր չէ: