Պաշտոնական քարտեզները Մոսկվայում են, դրա կրկնօրինակը մեզ չեն տվել, Հայաստանում ոչ ոք չի տեսել դրանք

Պաշտոնական քարտեզները Մոսկվայում են, դրա կրկնօրինակը մեզ չեն տվել, Հայաստանում ոչ ոք չի տեսել դրանք

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է քարտեզագետ Ռուբեն Գալիչյանը Օրերս Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր սահմանազատման ու սահմանագծման խնդրին՝ նշելով, որ համացանցում ինչքան քարտեզ ի հայտ է գալիս, հնչում են պնդումներ, որ տեսեք, այս տարածքը Խորհրդային Հայաստանի կազմում է, իրենք այդ մարդկանց խնդրում են ներկայացնել այդ քարտեզների իրավական հիմքերը: «Մենք այսօր միլիմետրի ճշտությամբ գիտենք խորհրդային Հայաստանի դե յուրե նշանակություն ունեցող սահմանները որտեղով են անցնցում»,-ասել է նա: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները և որքանով ներկայացված քարտեզներն ունեն իրավական հիմք: -1930-ականներից մինչև 1970-ական թվականները գոյություն ունեն Մոսկվայի զինվորական շտաբի պատրաստած պաշտոնական քարտեզներ, որոնք 1969-1970 թվականներին վավերացվել են Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների կողմից: Այս քարտեզներն այսօր հասանելի են համացանցում։ Ըստ այդ զինվորական քարտեզների՝ այսօրվա մեր սահմանները ուզենք-չուզենք պետք է ընդունենք, որովհետև վավերացրել ենք։ Հետո վիճարկում ենք, ասում ենք, որ նոր սահմանազատում և սահմանագծում պետք է լինի, քանի որ սահմանագիծը որոշ տեղերում խախտումներով է պատրաստված։ Բայց, օրինակ, Կապանից մինչև Գորիս գնացող ճանապարհը զինվորական քարտեզի վրա նշվում է, որ մեկ մասն անցնում է Ադրբեջանի տարածքով Ղուբաթլուի շրջանի նախկին Էյվազլի գյուղի մոտ 20 կմ, հետո հինգ-վեց անգամ նորից մտնում է Ադրբեջան, հետ գալիս Հայաստան։ Սա իրական վավերացված քարտեզն է, սակայն հանրության համար տպված ատլասներում մինչև 15 թվականը տպված քարտեզներում ճանապարհը Գորիսից Կապան գծված է իբր Հայաստանի ներսով է անցնում։ Տեղացիները բոլորը գիտեն, որ այդ ճանապարհը գնում է Ադրբեջան, հետ գալիս, բայց ժողովրդին Խորհրդային Միության քարտեզները խաբել են, ճիշտը չեն ներկայացրել, որ դժգոհություն չառաջանա։ Երբ ես կադաստրում հարցրի՝ ինչու եք դուք սխալ քարտեզ հրապարակում, երբ զինվորական քարտեզը ուրիշ է ցույց տալիս, ձեր հրապարակածը տարբեր է, ասացին՝ եթե քարտեզը ըստ իրականության գծենք, իրավունք չենք ստանա հրապարակելու, մի քանի նախարարություններ, որոնք պետք է վավերացնեն, չեն վավերացնի, և չենք կարողանա հրատարակել։ Բայց այն, որ Հայաստանի քարտեզներում նշվում է, որ ճանապարհը Հայաստանի ներսով է անցնում, եվրոպական տուրիստական քարտեզներում ցույց էր տրվում է, որ ճանապարհը մտնում է Ադրբեջան և դուրս է գալիս: Եթե այդ երկու քարտեզները դնենք իրար կողք, կտեսնենք, թե ինչպես է մեկը մյուսին հակասում: Իսկ Հայաստանի համար նախատեսված քարտեզներում այդ բոլոր ճանապարհներն անցնում էին Հայաստանի ներսով, որը ճիշտ չէ: Ես ինքս 1983-ին ճամփորդել եմ 1983 թվականին այդ ճանապարհով և մեքենավարն  ասում էր՝ մտանք Ադրբեջան, հետ եկանք Ադրբեջան: Իսկ Շուռնուխում սահմանը գյուղի մեջտեղով է անցնում: Իսկ ի՞նչ են ասում 1920-ականների քարտեզները: Եթե 1920-կան թվականների առաջին 4-5 տարիներին պատրաստված քարտեզները նայենք, այդ տարածքները բոլորը հայաստանի ներսում են: Բայց մեր ունեցած քարտեզները պաշտոնական չեն, դրանք հրատարակված են հանրագիտարաններում: Պաշտոնական քարտեզները գոյություն ունեն, որոնք Մոսկվայում են և մեզ դրա կրկնօրինակը չեն տվել, Հայաստանում ոչ ոք չի տեսել, թե այդ քարտեզն ինչ է ցույց տալիս: Այդ դեպքում ինչո՞ւ ենք համաձայնում, որ այդ հանձնաժողովը ձևավորվի և սահմանազատման ու սահմանագծման գործընթացները սկսվեն: Ես կարծում եմ, որ Ռուսաստանը պետք է որպես դիտորդ լինի, մեծ դեր չպետք է ունենա դրա մեջ, քանի որ  Խորհրդային Միությունը, որի ղեկավարումը, իրականում Ռուսաստանի ձեռքում էր, նրանք են մեր հողակտորները տվել Ադրբեջանին: Եթե մենք այսօր ուզենանք վերադառնալ նախկին, 1920-ական թվականների սահմաններին, մեր և Ադրբեջանի միջև է դա, Ռուսաստանը գործ չունի: Եթե միջնորդի կարիք էլ լինի, մենք պետք է հենվենք եվրոպական միջնորդների վրա, որ գան տեսնեն՝ ինչ է կատարվում: Ռուսաստանը երբեք մեզ հող չի տվել, միշտ մեր հողերը վերցրել է ու տվել Ադրբեջանին, ինչո՞ւ պետք է հակառակն անի այսօր: Տեսակետ կա, որ նրանք, որոնք պնդում են, որ սահմանազատումը պետք է իրականացնել 1970-ականների քարտեզներով, նրանց իրվական հիմքերը պետք է ներկայացնեն: Բանն այն է, որ որոշ տարածքներ ապօրինի ձևով հանձնվել են Ադրբեջանին և 1970-ականների քարտեզներում էլ դրանք կան: Պետք է միջազգային իրավաբաններին հանձնարարվի հետազոտել այդ թղթաբանությունը և տեսնել՝ իրավասո՞ւ էին այդ տարածքները տալու Ադրբեջանին, թե ոչ: Որովհետև մեծ մասամբ դա կարգադրությամբ է եղել, ժողովրդին նույնիսկ տեղյակ չեն պահել, որ ձեր հողերը տալիս ենք հարևան հանրապետության: Այսինքն իրավական տեսակետից պետք է քննարկվի, ներկայացվի միջազգային դատարան: Կրկնում եմ՝ Ռուսաստանն ինքն է ժամանակին այդ կարգադրություններն արել ու  հողերը տրվել են Ադրբեջանին՝ Կարմիր Քրդստանի պատրվակով: Իսկ երբ Կարմիր Քրդստանը չեղարկվեց, հողերը մեզ չվերադարձվեցին, Ադրբեջանին մնաց: Այստեղ մեր իշխանությունները մեծ թերություն են թույլ տվել 1930-ականներին: Չեն ասել՝ բա ինչպե՞ս եղավ, որ այդ պատրվակով վերցրիք հողերը, հետո պատրվակը վերացել է, ինչո՞ւ հետ չեք տալիս մեր հողերը: Նման խնդիրներ կան, որ միջազգային դատարանը պետք է որոշի: Այսօր ունենք այն, ինչ վավերացրել ենք 1970-ական թվականներին: Ուրեմն պետք է սկսելու կետ ունենանք: Կարող ենք սկսել 1970-ի քարտեզներից, քանի որ դրանք արդեն վավերացրել ենք, բայց քանի որ սահմանազատում ու սահմանագծում պետք է լինի, այսինքն սահմանները վերջնական չեն, որոշ տեղերում դրանք սխալ են, մենք պետք է վերադառնանք 1920-ականների քարտեզներին և դրանց հիման վրա աշխատենք: Պարոն Գալիչյան,  ի՞նչ ասել է քարտեզների իրավական հիմք: Իրավական հիմքն այն է, որը ստորագրված են քարտեզները: Երկրորդ, իրավական հիմք կարող է այն հանդիսանալ, որ երբ հողերը տրվել են Ադրբեջանին, ժողովրդին նույնիսկ տեղյակ չեն պահել: Դա միջազգային իրավաբանության տեսակետից անընդունելի է, մարդու իրավունքներն ամբողջովին խախտված են, նույնիսկ ԽՍՀՄ Սահմանադրությամբ: Սակայն մյուս կողմից, որ ասում են, ճանապարհը Հայաստանի տարածքով է անցնցում, ատլասում այդպես է գծված, ատլասն իրավական հիմք չի: Իրավական հիմքը զինվորական քարտեզն է: Սակայն, քանի որ սահմանազատում պետք է լինի, մենք կարող ենք ասել, որ նախկինների գծած քարտեզները չենք ընդունում, դրաց մեջ սխալ բաներ կան, որոնք պետք է շտկվեն սահմանազատման ու սահմանագծման ճանապարհով: Այս գործընթացը, որ հիմա ընթանում, արդյոք մտահոգիչ է: Դե դա երկարատև գործընթաց է, տարիներ է պահանջում; Այդ գործընթացում մենք պետք է կարողանանք ապացուցել, որ Ադրբեջանը խախտել է սահմանները և ներս է մտել Հայաստանի տարածք: Բնականաբար, Ադրբեջանն ամեն ինչ կանի, որպեսզի հօգուտ Հայաստանի որևէ քարտեզ չամրագրվի: Իհարկե, բայց եթե իրենք ընդունել են 1970-ականների քարտեզները, այնտեղ իրենց բաժինը մի բարակ շերտ է, մինչդեռ հետո իրենք քարտեզները կեղծել են, ներկայացրել են, որ ամբողջ շրջակայքն է Ադրբեջանինը, և դա են ներկայացնում մեզ: Դրանք կեղծված քարտեզներ են: