Սոչիի եռակողմ որոշումները. Պուտինը հավաքել է անվտանգության խորհուրդը

Սոչիի եռակողմ որոշումները. Պուտինը հավաքել է անվտանգության խորհուրդը

Ուզում եմ կարճ տեղեկացնել ձեզ ղարաբաղյան կարգավորման քննարկումների և այն պայմանավորվածությունների մասին, որ ձեռք են բերվել այսօր մեր գործընկերների հետ հանդիպմանը, ՌԴ անվտանգության խորհրդի անդամների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո: Մանրամասները, թե ինչ է հայտնել Պուտինը Ռդ ԱԽ անդամներին, հայտնի չեն, սակայն ինքնին փաստը, որ Սոչիի հանդիպումից հետո ՌԴ նախագահը բավականին ուշ երեկոյան պլանավորել էր ԱԽ նիստ և ներկաներին հայտնել է քննարկման մասին, վկայում է, որ եռակողմ հանդիպմանը տեղի է ունեցել բավականին առարկայական և կոնկրետ խոսակցություն: Հանդիպման օրակարգի, թեմաների շրջանակի մասին կողմերը արտահայտվել են հանդիպմանը հաջորդած եռակողմ հայտարարությունում, որը սակայն այդքան էլ հստակ պատկերացում չի տալիս որևէ պայմանավորվածության արդյունքի մասին: Այդ կապակցությամբ որոշակիություն չեն մտցրել նաև Փաշինյանի, Պուտինի և Ալիևի հանդիպումից հետո արած բանավոր հայտարարությունները: Դրանք վկայել են կառուցողական մթնոլորտի մասին, սակայն չեն ուրվագծել, թե այդ մթնոլորտում ինչ կոնկրետ պայմանավորվածություններ են եղել:  Առավելագույն կոնկրետությունն այն է, որ հաջորդ շաբաթ սպասվում է հաղորդուղիների ապաշրջափակման հարցերով հունվարի 11-ից ի վեր զբաղվող փոխվարչապետների հավաք Մոսկվայում, որից հետո, ըստ ՌԴ նախագահ Պուտինի, կլինի հայտարարություն որոշումների մասին, որ համաձայնեցրել են առաջին դեմքերը Սոչիի հանդիպմանը: Թե ինչու այդ որոշումները հաջորդ շաբաթ, այլ ոչ թե այսօր, մնում է բաց: Սակայն, այս կապակցությամբ պետք է նկատել, որ ՌԴ փոխվարչապետը նոյեմբերի 26-ի հանդիպման շեմին Երևանում ու Բաքվում հանդիպում էր Փաշինյանի և Ալիևի հետ, իսկ դրանից էլ մեկ-երկու օր առաջ հաղորդուղիներով զբաղվող Ադրբեջանի փոխվարչապետը գտնվում էր Թեհրանում: Միաժամանակ, ՌԴ և Իրանի արտգործնախարարների հետ հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Այս ամենը, ինչպես նշել էի այդ առիթով հրապարակված նախորդող հոդվածում, վկայում էր հենց Սոչիի շուրջ առարկայական և կոնկրետ օրակարգի ձևավորման մասին: Միևնույն ժամանակ, քանի որ հարցերը ըստ էության անկասկած փոխկապակցված են՝ քաղաքական, տրանսպորտային, մարդասիրական, անվտանգային և այլն, պետք է ենթադրել, որ մի տեղում կոնկրետությունը անշուշտ իր առարկայական ազդեցությունն է թողնելու մյուս ուղղությունների վրա: Դրա վկայությունն է թերևս այն, որ ՌԴ նախագահի խոսքով, մինչև տարեվերջ կստեղծվի սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողով, և կա առաջընթաց հումանիտար հարցերում: Նշանակո՞ւմ է սա, որ հումանիտար հարցերի, ասել է թե առաջին հերթին հայ ռազմագերիների ամբողջական վերադարձի խնդիրը կլուծվի սահմանագծման հանձնաժողովի ստեղծումից հետո: Այս հանգամանքը անորոշ է: Պետք է ուշադրության արժանացնել և այն, որ Բրյուսելում դեկտեմբերի 15-ին սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման օրակարգը լինելու են հենց մարդասիրական հարցերը, ըստ այդմ հարց է առաջանում, թե արդյո՞ք այդ հարցերը Պուտինը թողել է ԵԽ նախագահ Շարլ Միշելին, որի հետ արցախյան հարցը քննարկել էր մի քանի օր առաջ: Մեծ հաշվով, Սոչիի հանդիպումն անկասկած Ռուսաստանի փորձն է առարկայական առաջընթաց արձանագրել իրավիճակի կառավարելիությունն ու կայունությունը բարձրացնելու ուղղությամբ: Հաջողվել է դա Մոսկվային, թե ոչ, դեռ վաղ է ասել: Ի վերջո պետք է չմոռանալ այն, որ իրավիճակի հարցում էական դեր ունի այն, թե Ռուսաստանի այդ ջանքը ինչ վերաբերմունքի է արժանանալու Մինսկի խմբի մյուս համանախագահներ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների համար: Այդ իմաստով օրինակ գուցե դետալ է, սակայն բավականին ուշագրավ, որ նոյեմբերի 26-ին Սոչիում եռակողմ հանդիպում էր, իսկ Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում՝ Սենատում նույն օրը համաժողով էր Արցախի անկախության ճանաչման ֆրանսիական խորհրդարանական բանաձևի ընդունման մեկամյակի առիթով, որին մասնակցել ու ելույթ է ունեցել նաև Արցախի ներկայացուցիչը: Այս երկու իրադարձությունները իրենց տրամաչափով իհարկե համեմատելի չեն, սակայն արտացոլում են այն բազմաշերտ իրավիճակն ու պատկերը, որ առկա է արցախյան, հայ-ադրբեջանական հարցերի շուրջ: Այդ իմաստով ի դեպ շատ կարևոր է, որ Սոչիի հանդիպման բացման մասի իր խոսքում Հայաստանի վարչապետը շեշտեց, որ արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, բայց կան իհարկե նաև հարցեր, որոնք քննարկելի են եռակողմ ձևաչափով: Միով բանիվ, իրավիճակի կայունացման առումով էական է, թե Ռուսաստանի ջանքը ինչ աջակցության կարժանանա ԱՄՆ և Ֆրանսիայի շրջանում: Սա էլ թերևս իր հերթին պայմանավորված է ավելի լայն աշխարհաքաղաքական խաղում եռյակի հարաբերությունների բնույթից և համաձայնությունների և տարաձայնությունների հաշվեկշռից: Սրանից է կախված լինելու նաև Թուրքիայի վարքը, որի նախագահ Էրդողանն իհարկե այժմ ունի բավականին լուրջ ներքին գլխացավանքներ, որոնք գալիս են տնտեսական անկումից: Սպասենք Սոչիի հանդիպման վերաբերյալ Ֆրանսիայի ու ԱՄՆ արձագանքներին: