«Ժողովրդավարության գագաթաժողովին» մասնակցելու ենք ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ որ բարձրաձայնենք մեր ցավերն ու դարդերը

«Ժողովրդավարության գագաթաժողովին» մասնակցելու ենք ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ որ բարձրաձայնենք մեր ցավերն ու դարդերը

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դեկտեմբերին սպասվող «Ժողովրդավարության գագաթնաժողովն» անվանել է ԱՄՆ-ի կողմից նոր բաժանարար գծեր քաշելու փորձ և ընդգծել, որ Ռուսաստանը չի պատրաստվում մասնակցել դրան: «Մենք, անկասկած, բացասաբար ենք վերաբերվում սպասվող միջոցառմանը: Դա ոչ այլ ինչ է, քան նոր բաժանարար գծեր քաշելու փորձ: Մենք 1990-ականներին կռվել-կռվել ենք, որպեսզի բաժանարար գծերը կրճատվեն և վերանան, բայց հիմա Միացյալ Նահանգները նախընտրում են նոր բաժանարար գծեր ստեղծել և երկրները բաժանել ըստ լավերի, իրենց պատկերացումներով, և վատերի, կրկին՝ իրենց պատկերացումներով»,- ասել է Պեսկովը լրագրողներին: Նրա խոսքով՝ ԱՄՆ այդպիսի դիրքորոշումը կտրված է իրականությունից: «Դա ոչ մի կերպ չի կորելացվում աշխարհում ընդհանուր տրամաբանությունների հետ: Գնալով ավելի շատ երկրներ նախընտրում են ինքնուրույն որոշել՝ ինչպես ապրեն՝ չնայելով ոչ մեկի, բայց այնուամենայնիվ, այդպիսի փորձեր Միացյալ Նահանգներում ձեռնարկվում են»,- ասել է Պեսկովը: Ըստ Պեսկովի՝ Վաշինգտոնը փորձում է այլ երկրների վրա փաթաթել ժողովրդավարության իր պատկերացումները և իրենով անել այդ եզրը: «Նրանք փորձում են իրենցով անել «ժողովրդավարություն» բառը: Այսինքն [նրանց պատկերացմամբ] ժողովրդավարությունը միայն այն է, ինչը համապատասխանում է Վաշինգտոնի պատկերացումներին: Ակնհայտ է, որ այդպես չի կարող լինել և չպետք է լինել: Այդպիսի բան, իրականում, չկա էլ»,- եզրափակել է նա: Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ եթե մենք համարում ենք, որ սուվերեն պետություն ենք, ապա պետք է անպայման մեր մասնակցությունն ունենանք «Ժողովրդավարության գագաթաժողովին»՝ անկախ նրանից, թե այլ պետություններ ինչ կարծիք ունեն․ «Երկրորդ՝ Ռուսաստանին ոչ ոք չի էլ հրավիրել, Ռուսաստանը դեմոկրատական երկիր չէ։ Ռուսաստանում կոշտ ավտորիտար ռեժիմ է և անկեղծ ասած՝ ես չեմ հասկանում, թե Պեսկովն ինչ նկատի ունի ասելով բաժանարար գծեր և այլն։ Իրենց չեն հրավիրել, քանի որ իրենք ժողովրդավարական չեն։ Ուրեմն ի՞նչ էր ուզում ասել՝ անկեղծ ասած հասկանալի չէ։ Եվ երրորդ՝ շատ լավ է, որ Հայաստանը ժողովրդավարության ասպեկտով Միացյալ Նահանգների աչքերին նայվում է որպես ժողովրդավարական աշխարհի անբաժանելի մաս։ Ու շատ լավ է, որ վարչապետն այնտեղ ելույթ կունենա ու կխոսա մեր ցավերից ու դարդերից»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Գրիգորյանի դիտարկմամբ՝  մեր մասնակցությունն այդ գագաթաժողովին դրական հետևանքներ կունենա․ «Ուզած-չուզած Ռուսաստանը հաշվի կառնի, որ միջազգային հանրությունը մեզ ընդունում ու հարգում է։Այդպիսով  նա էլ կփորձի գոնե մեկ-երկու քայլ անել՝ հօգուտ Հայաստանի, որ մեզ մոտ Ռուսաստանի հանդեպ առկա բացասական տրամադրությունները մեղմանան։ Մենք մասնակցելու ենք ոչ թե Ռուսաստանի դեմ, այլ բացատրելու, որ Ադրբեջանն ագրեսիա է կատարել, Թուրքիան մեզ ճնշում է։Դա ցույց կտա, որ մենք ունենք բարեկամներ։ Մեծ ֆորումի ժամանակ շատ դեմոկրատական երկրներ հաջակցություն մեզ խոսքեր կասեն։ Դա շատ լավ գործոն կլինի, որը նաև Ռուսաստանին կստիպի հօգուտ մեզ ինչ-որ բան անել»,-եզրափակեց նա։