Ծանր հարված հայկական ֆուտբոլին․ Ով է կատարվածի պատասխանատուն

Ծանր հարված հայկական ֆուտբոլին․ Ով է կատարվածի պատասխանատուն

«Սևան» ֆուտբոլային ակումբը չներկայացավ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ երեկ նախատասված խաղին։ «Սևանը» չէր ներկայացել նաև 14-րդ տուրի «Ալաշկերտի» դեմ մրցավեճին, որը պետք է կայանար նոյեմբերի 17-ին։ ՀՖՖ-ի կանոնադրության համաձայն երկու հանդիպումներին չներկայանալու պարագայում թիմը դուրս է մնում առաջնությունից։ «Սևանը» այլևս Պրեմիեր լիգայում չէ, ինչը նշանակում է, որ երրորդ տարին անընդմեջ Հայաստանի առաջնությունը կավարտվի ակումբների ոչ լիարժեք կազմով։ Նախորդ տարի բարձրագույն լիգան լքել էր Վանաձորի «Լոռին», իսկ 2019/2020 թթ․ մրցաշրջանում «Երևանը»։ Ցավալի այս իրողությունը խոսում է այն մասին, որ մեր երկրում դեռևս չկան համապատասխան պայմաններ նորմալ մրցաշրջան անցկացնելու համար։ Ավելի ստույգ, այդ պայմանները չեն ստեղծվում առաջնության կազմակերպիչների կողմից։ Իսկ ինչու առաջնությունը լքեց «Սևանը»։ Պրեմիեր լիգայի նորեկը «Ալաշկերտի» դեմ հանդիպումից առաջ ՀՖՖ-ին մեղադրելով ապակառուցողական գործողությունների մեջ պահանջել էր նաև ֆուտբոլային կառույցի ղեկավար կազմի հրաժարականը։ Նոյեմբերի 13-ին «Սևանը» բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին ՀՀ Ազգային ժողովի Գիտության, Կրթության, Մշակույթի, Երիտասարդության և Սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանին ներկայացնելով ստեղծված իրավիճակը։ ««Սևանը» պահանջում է հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր ակումբների նկատմամբ և թիմերին չբաժանել օտարների և յուրայինների։ Վերջ տալ «Սևան» ֆուտբոլային ակումբի նկատմամբ ընդգծված կոշտ, կտրուկ և արհամարհական վերաբերմունքը, այլապես մենք կդադարեցնենք մեր ելույթները առաջնությունում, բայց չենք դադարի պայքարել արդարության համար։ Մենք պատրաստ ենք ֆուտբոլային դաշտում արդար խաղի սկզբունքներով ապացուցել մեր ուժը հայկական ֆուտբոլային ընտանիքում, այլ ոչ թե կուլիսային խաղերի միջոցով։ Հանուն ֆուտբոլի զարգացման և արդար մրցակցության, դեռ ժամանակ կա շտկելու իրավիճակը»,- մասնավորապես գրված էր նամակում։ «Սևանի» նամակն ու պահանջները մնացին անպատասխան, ինչի հետևանքով հայկական ֆուտբոլը ստացավ հերթական ծանր հարվածը։ Փաստենք թերևս հետևյալը․ հայկական ֆուտբոլում հաստատվել է մթնոլորտ, որում հնարավոր չի լինում լուծել ծագած խնդիրները, հնարավոր չի լինում այսպես ասած լեզու գտնել միմյանց հետ։ Միջադեպը միջադեպի հետևից, սկանդալը սկանդալի ետևից։ Որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել։ Բնական է, որ ՀՖՖ-ն ամենի մեջ կմեղադրի ակումբներին, որոնք լքել են առաջնությունը։ Ասել, որ մրցաշրջանը բոյկոտած ակումբները որևէ կերպ մեղավոր չեն ճիշտ չի լինի։ Չմոռանանք «Երևան» ակումբի սկանդալային պատմությունը։ Միևնույն ժամանակ եթե երորդ տարին անընդմեջ առաջնությունն ավարտվում է թիմերի ոչ լիարժեք կազմով, նշանակում է, որ ՀՖՖ-ն ուղղակի չի կարողանում կազմակերպել մրցաշրջանը։ Կատարվածի պատասխանատուն առաջին հերթին ֆուտբոլի ֆեդերացիան է։ Մեղավորներ կարելի է շարունակ փնտրել, բայց այս իրավիճակում առաջնային է հենց պատասխանատվությունը։ Մեկնաբանությունները ևս ավելորդ են։