Որոշ հանգամանքներ կան․ Խաչատրյանը՝ Վանո Սիրադեղյանին Պանթեոնում չհուղարկավորելու մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, ով նաև ընդգրկված է Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով ստեղծված կառավարական հանձնաժողովում, մանրամասներ ներկայացրեց Վանո Սիրադեղյանի աճյունի տեղափոխման մասին: «Դեկտեմբերի 3-ին և 4-ին տեղի կունենա հոգեհանգիստը և հուղարկավորությունը: Թե կոնկրետ ո՞ր օրը աճյունը կտեղափոխվի Հայաստան, կդժվարանամ ասել, որովհետև աշխատանքներն ընթացքի մեջ են»,- այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Վահագն Խաչատուրյանը: Ինչ վերաբերում է հուղարկավորության վայրին, ապա նախարարը նշեց, որ քննարկումներ եղել են, ընտանիքի համաձայնություն կա, որևէ առարկություն չկա Կոթիում հուղարկավորելու հետ կապված: Լրագրողների այն հարցին, թե ինչու Վանո Սիրադեղյանը չի հուղարկավորվում Պանթեոնում, Վահագն Խաչատուրյանը նշեց, որ որոշ հանգամանքներ քննարկել են, դրանք հաշվի առնելով էլ որոշում է կայացվել: «Մենք հիմա հավուր պատշաճի պետք է կարողանանք կազմակերպել ու անցկացնել այդ արարողությունը: Իմ խնդրանքն այն է, որ միասին կարողանանք այդ արարողությունն անել արժանի ձևով: Կառավարական հանձնաժողովն ամեն ինչ անելու է, որևէ խնդիր չկա»,- ասաց Վահագն Խաչատուրյանը: