Ռուսաստանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան մերկացնում է ՀԱՊԿ-ը

Ռուսաստանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյան մերկացնում է ՀԱՊԿ-ը

«Սակայն այդ գործիքները չի կարելի կիրառել. չի կարելի, օրինակ, Ադրբեջանի դեմ օգտագործել ՀՀ (և այլ պետությունների) դաշնակից Ռուսաստանի զորքերը։ Պարզապես չեմ պատկերացնում` ինչպես է դա հնարավոր։ Քանի որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մտնում են ԱՊՀ կազմի մեջ։ Նշանակում է` պետք է լուծման խաղաղ ուղիներ փնտրել», հայտարարել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, խոսելով հետխորհրդային հակամարտությունների և դրանց հարցում ՀԱՊԿ ազդեցության մասին: Բորդյուժան ասում է, որ ՀԱՊԿ-ը ունի այդ հակամարտությունները կարգավորելու բավարար ուժ, սակայն այդ ուժը կիրառելի չէ օրինակ Ադրբեջանի հանդեպ: Այդպիսով, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը պարզապես մերկացնում է ՀԱՊԿ-ը և ընդհանրապես այն քաղաքականությունը, որ նաև ՀԱՊԿ խողովակով հետխորհրդային տարածքում իրականացնում է Ռուսաստանը: Ինչ է ասում Բորդյուժան: Ասում է նաև այն, որ նույն կերպ Ադրբեջանի դեմ կիրառելի չէ ռուսական ռազմական ներուժը: Բորդյուժան հայ ժողովրդի կամ հայ հանրության համար որևէ նոր բան չի ասում, պարզապես երևի թե առաջին անգամ է, որ այդ բանը ասում է ռուսաստանցի նախկին բավականին բարձրաստիճան պաշտոնյան: Ստացվում է բավականին տարօրինակ պատկեր՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ ուժը Ադրբեջանի հանդեպ կիրառելի չէ, իսկ ահա Ադրբեջանի, կամ ավելի շուտ՝ թուրք-ադրբեջանական ուժն Ադրբեջանի միջոցով կիրառելի է ՀԱՊԿ պատասխանատվության գոտու, ՀԱՊԿ անդամ Հայաստանի հանդեպ, Հայաստանի տարածքի հանդեպ: Այլ կերպ ասած, Բորդյուժան խոսելով այն մասին, որ ՀԱՊԿ-ը բավականին ուժեղ է, իրականում ի ցույց է դնում այդ կառույցի ուժի բացակայությունը: Թե ինչու է նախկին գլխավոր քարտուղարը որոշում մերկացնել այդ պատկերը, այլ հարց է: գուցե այն պատճառով, որ ՀԱՊԿ-ում կարծեք թե այնքան էլ լավ չվարվեցին Բորդյուժայի հետ, երբ նրան 2016 թվականի դեկտեմբերին հանկարծ հեռացրին գլխավոր քարտուղարի պաշտոնից, թեև կարծեք թե նրա պաշտոնավարումը երկարաձգել էին, մինչև կորոշվեր հաջորդ գլխավոր քարտուղարի հարցը՝ Հայաստանի քվոտայով: Իսկ Բորդյուժային հեռացրին այն բանից հետո, երբ դեկտեմբերի վերջին նա հայտարարություն արեց Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանային Չայլու գյուղի դիրքերի հանդեպ ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ, որի հետևանքով հայկական կողմն ունեցավ զոհեր: Բորդյուժան հայտարարություն էր արել որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, որի մեջ հիշատակել էր նույն թվականի ապրիլի քառօրյա պատերազմը և նշել, որ այն տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում: Այդ ձևակերպումը բավականին աղմուկ էր բարձրացրել, հասկանալիորեն հարուցելով Բաքվի դժգոհությունը: Մի քանի օր անց՝ Մոսկվայում ՀԱՊԿ տարեվերջյան Վեհաժողովում հանկարծ հայտնի դարձավ, որ Բորդյուժան թողել է Գլխավոր քարտուղարի պաշտոնը: Ընդ որում, հատկանշական էր այն, որ այդ որոշումը կայացրած ՀԱՊԿ նախագահները նույնիսկ շնորհակալություն չէին հայտնել Բորդյուժային տարիների աշխատանքի համար, երևի Ադրբեջանին ավելի չբարկացնելու նկատառումով: