Հայաստանի իշխանությունները շարունակում են ծեծել Թուրքիայի փակ դռները, Սիրիայի օրինակը նրանց դաս չեղավ

Կրեմլի պաշտոնական կայքը հայտնել է նոյեմբերի 26-ին Սոչիում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման պայմանավորվածության մասին: Ըստ Կրեմլի հաղորդագրության, եռակողմ հանդիպմանը քննարկվելու է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաև ծրագրվում է քննարկել հետագա քայլերը՝ կայունության և ռեգիոնում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ: Որևէ ստորագրվելիք փաստաթղթի մասին խոսք չկա, ինչը սակայն չի բացառում որևէ նոր հայտարարության ստորագրումը:
Նոյեմբերի 26-ի հայտարարությունը փաստորեն նախորդում է Բրյուսելում դեկտեմբերի 15-ին նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպմանը, որի մասին հայտարարվեց նախորդ շաբաթավերջին: Այդ հանդիպման պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵԽ նախագահ Շարլ Միշելի՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ ունեցած հեռախոսազրույցներից հետո: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ռեալիստ» ինֆորմացիոն գործակալության գլխավոր խմբագիր Սարգիս Ծատուրյանի հետ: