Մոսկվան կողմ է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը․ Զախարովա

Մոսկվան կողմ է «3+3» տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը․ Զախարովա

Ռուսաստանը կողմ է «3+3» խորհրդատվական տարածաշրջանային մեխանիզմի հնարավորինս շուտ գործարկմանը։ Ըստ Մոսկվայի՝ բազմակողմ տարածաշրջանային համագործակցության զարգացումը բացարձակապես համապատասխանում է այս ձևաչափի բոլոր ապագա մասնակիցների շահերին: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք կարծում ենք, որ այդ մեխանիզմի մեկնարկը կօգնի բարձրացնել վստահությունը միջպետական հարաբերությունների նկատմամբ, լուծել առկա հակասությունները և բացահայտել տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, հումանիտար ներուժը»,- ասել է Զախարովան: Նրա խոսքերով՝ «3+3» ձևաչափի ստեղծման գաղափարն առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, և Ռուսաստանն, իր հերթին, աջակցել է այս նախաձեռնությանը: Զախարովան նշել է, որ Մոսկվան տեսնում է մի շարք արևմտյան պետությունների, առաջին հերթին ՝ ԱՄՆ-ի ձգտումը խանգարել այս նախաձեռնության որոշ գործընթացներին: Բացի դրանից, Զախարովայի խոսքերով՝ ԱՄՆ-ն զբաղվում է ապատեղեկատվությամբ՝ «3+3» նախաձեռնությունը վերագրելով Մոսկվային, և այս ամենը կատարվում է ռուսաֆոբ մթնոլորտում: Հիշեցնենք, որ «3+3» նախաձեռնությունը նախատեսում է տարածաշրջանային փոխգործակցության մեխանիզմի ստեղծում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մասնակցությամբ։