ՆԱՏՕ-ի կարևոր ազդակը Երևանում

ՆԱՏՕ-ի կարևոր ազդակը Երևանում

Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը, ըստ Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության այդ մասին արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանն ասել է ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստան ժամանած ՆԱՏՕ Գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի հարցերի հատուկ ներկայացուցիչ Խավիել Կոլոմինան: Նա իր պաշտոնում առաջին ռեգիոնալ այցն է կատարում Կովկաս, որը սկսել է Ադրբեջանից, եղել է Վրաստանում և եզրափակում է Հայաստանում: Կոլոմինայի խոսքը, որ Հայաստանը համարվում է վստահելի գործընկեր, անշուշտ ունի էական նշանակություն, թեև կարևոր է դիտարկել, թե ինչ հնարավոր համատեքստով կամ տողատակով է հնչում այն: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն ունենալով որոշակի կասկածներ կամ մտահոգություններ որևէ սպասվող իրադրության մասին, այդպիսով Հայաստանին ազդակ է հղում, որպեսզի Երևանը չանի այդ վստահությունը կասկածի տակ դնո՞ղ քայլեր: Թե՞ հակառակը՝ ՆԱՏՕ ԳՔ ներկայացուցիչը պարզապես արձանագրում է, որ Բրյուսելը գիտակցում է Հայաստանի համար իրավիճակային նրբություններն ու հանգամանքները, որոնք ազդեցություն են թողնում Հայաստան-ՆԱՏՕ գործակցության խորացման հեռանկարի վրա, բայց ՆԱՏՕ-ն չի կասկածում Հայաստանի գործընկերային անկեղծությանը: Բոլոր դեպքերում անկասկած է, որ ՆԱՏՕ-ի պաշտոնյայի գնահատականը Հայաստանի համար ունի թե որոշակիորեն գոտեպնդող, թե նաև պարտավորեցնող նշանակություն կամ ազդեցություն, թեև իհարկե ամենևին ոչ բախտորոշ կամ վճռորոշ: Մյուս կողմից իհարկե Հայաստանի վստահելիության հարցին զուգահեռ առաջանում է մեկ այլ հարց, որ շոշափեցի դեռևս օրեր առաջ՝ ՆԱՏՕ պաշտոննյայի ռեգիոնալ այցին ընդառաջ: Խոսքն այն մասին է, թե որքան վստահելի է Հայաստանի համար ՆԱՏՕ-ն: Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն հանգամանքին, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ըստ էության բաց կերպով աջակցել է Ադրրբեջանին Արցախի և Հայաստանի դեմ ռազմական գործողություններում, չարժանանալով դաշինքի քաղաքական գնահատականին: Անկասկած է, որ այստեղ կա Հայաստան-ՆԱՏՕ փոխըմբռնման լրջագույն խնդիր, եթե անգամ դրա ակունքը գալիս է շատ ավելի վաղ տեղի ունեցած զարգացումներից և դրանցում եղած այս կամ այն սուբյեկտիվ ազդեցությունից: Անկասկած է, որ Արցախի դեմ պատերազմը առերեսել է նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը,  ու Երևանն ու Բրյուսելը պետք է կարողանան առավելագույնս օբյեկտիվ տրամաբանությամբ անցկացնել այդ գործընթացը: