Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին

Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը եվրասիական ինտեգրման հիմքում ընկած գաղափարներին

Եվրասիական տնտեսական միության տարածքում էներգետիկ ռեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը անհրաժեշտ նախապայման է եվրասիական տարածությունում տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար, որից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները: Այդ մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հոկտեմբերի 14-ի նիստի ընթացքում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երախտագիտություն հայտնելով Բելառուսին նիստը տեսակոնֆերանսի ձևաչափով կազմակերպելու համար և ողջունելով ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի և Կուբայի նախագահներին, որոնք նույնպես մասնակցում էին հեռավար հանդիպմանը: «Ակնհայտ է, որ ԵԱՏՄ տարածքում էլեկտրաէներգիայի, գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորումը ոչ միայն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր է, այլև՝ անհրաժեշտ նախապայման տնտեսական ինտեգրացիայի ներուժի լիարժեք իրացման համար: Հավանաբար, դա էլ բարդացնում է այդ շուկայի գործունեության վերաբերյալ սկզբունքների համաձայնեցումը՝ հաշվի առնելով էներգետիկ ոլորտում երկրների տարբեր հնարավորություններն ու հետաքրքրությունները», -ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ, այդուհանդերձ, էներգետիկ ոլորտում ընդհանուր շուկաների ձևավորման մասին ապագա պայմանագրի լրամշակման, ինչպես և վիճելի հարցերի շուրջ աշխատելու պատրաստակամության առումով զգալի առաջընթաց է գրանցվել: «Հույս ունենք, որ այդ հարցերը կհաջողվի լուծել խելամիտ ժամկետներում», - նշեց Հայաստանի վարչապետը: Հայաստանի կառավարության ղեկավարը հույս ունի, որ նշված հարցերը կհաջողվի լուծել խելամիտ ժամկետներում, և համոզված է, որ առաջադրված խնդիրների կատարման դեպքում ընդհանուր էներգետիկ շուկայից երկարաժամկետ հեռանկարում կշահեն ԵԱՏՄ-ի բոլոր երկրները, և կշահի Եվրասիական տնտեսական միությունը: «ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացումը միության գերակա առաջնահերթություններից է, որի նպատակն է ապահովել ԵԱՏՄ ներքին շուկաների գործունեությունը առանց առգրավումների և սահմանափակումների, այդ թվում՝ առանց խոչընդոտների, որոնք սահմանափակում են ԵԱՏՄ անդամ պետությունների ձեռնարկատերերի մուտքի ազատությունը: Այս ոլորտում առկա պայմանավորվածությունների կատարումը կամրապնդի միության գործունեության հիմքերը, իսկ միության ներսում խոչընդոտների բացակայությունը կբարձրացնի ոչ միայն անդամ պետությունների վստահությունը միմյանց նկատմամբ, այլև կբարձրացնի մեր մրցունակությունը արտաքին շուկաներում: Այս համատեքստում անհրաժեշտ եմ համարում ակտիվացնել առևտրի խոչընդոտների ներդրման և վերացման ջանքերը, արդյունավետ մատակարարման շղթաների համապատասխանեցումը, միության տարանցիկ ներուժի ավելացումը՝ հաշվի առնելով միության երկրների գործարար համայնքների շահերը և քաղաքացիների իրավունքները: Վստահ եմ, որ թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրումն ու զարգացումը կնպաստեն նաև խոչընդոտները նվազագույնի հասցնելուն կամ ամբողջությամբ վերացնելուն», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: Հայաստանի վարչապետի խոսքով՝ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի համար արդիական է նաև միության ներքին շուկաների պաշտպանությունը երրորդ երկրների տնտեսական ճնշման հետևանքով ի հայտ եկած բացասական էֆեկտի դեպքում: «Հայաստանը պատրաստ է սերտ համագործակցության՝ այս հարցում ընդհանուր մոտեցում մշակելու ուղիներ գտնելու համար», - ասաց նա: Փաշինյանը անդրադարձավ նաև համաշխարհային օրակարգի կարևորագույն և արդիական մարտահրավերներին, որոնց թվում առանձնանում է կլիմայական փոփոխությունների խնդիրը, որն, ըստ վարչապետի, ազդում է ոչ միայն տնտեսության, այլ սոցիալական գործընթացների վրա. «Այդ առնչությամբ անհրաժեշտ է փոխգործակցել կլիմայի փոփոխությունների հետևանքները մեղմելու նպատակով միջոցներ մշակելու և ձեռնարկելու, կանաչ տարածքների վերականգնումը խթանելու և ցածր արտանետումների մակարդակ ունեցող տնտեսությունների ադապտացման համար»: Այս համատեքստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը՝ միտված էկոլոգիապես մաքուր տրանսպորտի զարգացմանը: «ԵԱՏՄ-ում էլեկտրամոբիլների շուկայի ձևավորման համար նախադրյալների ստեղծումը ելնում է տնտեսական անվտանգության և բնակչության առողջության շահերից: Վստահ եմ, որ դա նաև կնպաստի նոր տեխնոլոգիաների ավելի լայն ներդրմանը և ազգային տնտեսությունների արդիականացմանը, տնտեսության գիտելիքահեն ճյուղերի ներգրավվածության մակարդակի բարձրացմանը», - շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովին խնդրելով անդամ պետությունների հետ համատեղ ինտենսիվացնել աշխատանքը նշված ուղղությամբ՝ դրանում ակտիվորեն ներգրավելով գործարար համայնքներին և գիտական շրջանակներին: Եզրափակելով իր խոսքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին համատեղ աշխատանքի համար և վերահաստատեց հայկական կողմի հանձնառությունը այն գաղափարներին, որոնք ընկած են եվրասիական ինտեգրման հիմքում: