Թուրքիան Սիրիայի հյուսիսում քայլեր կձեռնարկի YPG-ի (PKK- ի սիրիական թև) դեմ այնտեղ, որտեղ Էրդողանը կասի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիան Սիրիայի հյուսիսում քայլեր կձեռնարկի YPG-ի (PKK- ի սիրիական թև) դեմ այնտեղ, որտեղ Էրդողանը կասի. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում գործող YPG (PKK- ի սիրիական թև) զինյալների դեմ քայլեր կձեռնարկվեն այն ժամանակ և այն վայրում, որտեղ կորոշի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը: «Թուրքիան լուրջ է վերաբերվում բոլոր պայմանավորվածություններին և խստորեն կատարում է իր պարտավորությունները: Սա վերաբերում է ոչ միայն Սիրիայի հյուսիսին, այլ նաև այլ շրջանների: Մենք թույլ չենք տա ձևավորել ստատուս-քվո, որը ոտնահարում է մեր երկրի ազգային շահերը»,- ընդգծել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարը՝ հավելելով, որ Անկարան ուշադիր հետևում է Իրաքում, Սիրիայում, Էգեյան և Միջերկրական ծովերում (այդ թվում ՝ Կիպրոսի հատվածում) տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Միեւնույն ժամանակ, Աքարը նշել է, որ Թուրքիան թույլ չի տա PKK / YPG-ի վերահսկողության տակ գտնվող գոտու ձեւավորում իր հարավային սահմանների մոտ: Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն նշել էր, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նա ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց խոսքը չպահելու և պարտավորությունները չիրականացնելու մեջ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չեն պահում իրենց խոսքը, մեզ մնում է միայն մի բան` ինքնուրույն անել մեր գործը»,- ասել էր նա: Չավուշօղլուն հավելել էր, որ Թուրքիան կարող է նոր ինքնուրույն ռազմական գործողություն իրականացնել: Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կողմից սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը՝ վիրավորվել: Անդրադառնալով այս դեպքին` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր դեմ ծառացած սպառնալիքները վերացնելու հարցում, և դա կանի Սիրիայում առկա ազդեցիկ ուժերի կամ սեփական ուժերի գործադրմամբ: Նա հայտարարել էր, որ թուրք ոստիկանների սպանությունը հատել է իրենց համբերությունը: