«Սերնդեսերունդ ադրբեջանցիների մեջ հայկական ցանկացած բանի հանդեպ ատելություն է սերմանվել». Եղիշե Կիրակոսյան

«Սերնդեսերունդ ադրբեջանցիների մեջ հայկական ցանկացած բանի հանդեպ ատելություն է սերմանվել». Եղիշե Կիրակոսյան

Այսօր Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով ՄԱԿ-ի միջազգային դատարանի լսումներում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթը սկսեց  տարածաշրջանում հայ ժողովրդի ներկայության վաղեմության, կրոնի և լեզվի մասին պատմական ակնարկով։ «Հայ ժողովուրդը հազարամյակների պատմություն ունի։ Աշխարհում գրեթե բոլոր հայերը քրիստոնյաներ են, և Հայ Առաքելական եկեղեցին աշխարհի ամենահին եկեղեցին է համարվում։ Հայոց լեզուն հնդեվրոպական լեզվաընտանիքի անկախ ճյուղ է, ունի իր սեփական այբուբենը՝  գրված 405 թվականին»,- նշեց Կիրակոսյանը։ Նա ընդգծեց, որ հայերն իրենց հստակ էթնիկ ինքնության պատճառով ենթարկվել են բազում հալածանքների, ատելության, ջարդերի և ցեղասպանության, և, ցավոք, սա շարունակվում է մինչ օրս։ Կիրակոսյանը նշեց, որ 2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմը, որը, Ադրբեջանի նախագահի բացահայտ խոստովանությամբ, նախաձեռնվել է նրանց կողմից, այս էթնիկ հողի վրա իրականացվող բռնությունների և ատելության ամենավերջին արտահայտումն էր։ «Մենք մտավախություն ունենք, որ այն վերջինը չի լինի, եթե  այս հակամարտությունը չլուծվի հիմքից: Հայերի դեմ  էթնիկ ատելությունը, որն ադրբեջանական իշխանությունները քարոզում են ամենօրյա ռեժիմով, այնքան համատարած է, որ ազդել է գրեթե ողջ ադրբեջանցի հանրության վրա։ Սերնդեսերունդ նրանց մեջ սերմանվել է  վախ և ատելություն՝ հայկական ցանկացած բանի հանդեպ»,- ասաց Կիրակոսյանը։ Նա ընդգծեց, որ ադրբեջանական իշխանությունների ներքո ապրող էթնիկ հայերի նկատմամբ  իրականացված սպանությունները, տանջանքների ենթարկումն ու անմարդկային վերաբերմունքը սիստեմատիկ բնույթ են կրում։ Իսկ Ադրբեջանում հալածվում են բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն հակասել պաշտոնական դոգմաներին: civic.am