Դելիի կարևոր հայտարարությունը Երևանում

Դելիի կարևոր հայտարարությունը Երևանում

Այն, որ Հնդկաստանի արտգործնախարարը Երևանում հայտարարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին սատարելու մասին, միայն առերևույթ կարող է թվալ հերթապահ հայտարարություն: Հնդկաստանը մեծ հավանականությամբ առանցքային խաղացող է լինելու միջազգային անվտանգային համակարգի «նշմարվող» տրամաբանության շրջանակում: Մասնավորապես, իմ գնահատմամբ, տրամաբանությունն այն է, որ անվտանգային համակարգը տրանսֆորմացվում է տարբեր տրամաչափի լոկալ ձևաչափերի, որոնք կարող են ենթադրել աշխարհակարգային պայքարի դիրքային, մարտավարական նոր փուլ: Իսկ Հնդկաստանն էստեղ սկսել է խաղալ ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Ավստրալիա եռյակի հետ: Ընդ որում, երբ հայտարարվեց եռյակի մասին, հրապարակված առանձին անդրադարձով նշեցի, որ հեռանկարի առումով առանցքային հարցերից է լինելու այն, թե ինչպիսին կլինի եռյակի և Հնդկա-խաղաղօվկիանոսյան ռեգիոնում գերակայության հասնելու հարցում նրանց նպատակի առումով պաշտոնական Դելիի դիրքավորումը: Եվ ահա, դրանից մի քանի օր անց հայտնի դարձավ, որ Վաշինգտոնում քառյակի՝ ԱՄՆ, Ավստրալիայի, Հնդկաստանի և Ճապոնիայի առաջնորդների հանդիպման ու համատեղ հայտարարության մասին, ինչը ուրվագծում է միջազգային անվտանգային համակարգի համայնապատկերում նոր միտումների առումով եվրասիական լոկալ ձևաչափի մասնակիցների շրջանակը: Իսկ Հայաստանը բնականորեն անվտանգային եվրասիական «գոտում» է, դրա այսպես ասած ռուսական ձևաչափային շրջանակում, ինչը անկասկած մեղմ ասած չի համապատասխանում և ամբողջապես համարժեք չէ այն մարտահրավերներին, որ Հայաստանն ունի անվտանգային տեսանկյունից թե կարճաժամկետ, թե միջնաժամկետ իմաստով: Ավելին, այդ առումով ռուսական գոտին կամ շրջանակը Հայաստանի համար ինքնին մարտահրավեր է: Միևնույն ժամանակ, բավականին բարդ է դրա այլընտրանքների ձևավորման գործընթացը, առավել ևս եվրաատլանտյան անվտանգային համակարգի հետ ուղիղ աշխատանքի իմաստով, քանի որ դա բերում է ռուսական շրջանակում Հայաստանի հանդեպ մանիպուլյացիաների և ճնշումների: Ահա այդ համատեքստում, եվրասիական անվտանգային համակարգի այսպես ասած բնական գոտում Հնդկաստանի դերակատարումն ու պայմանականորեն ԱՄՆ եվրաատլանտյան նախաձեռնությամբ եվրասիական անվտանգային գոտիավորման նոր նախաձեռնությանը մասնակցությունը Հայաստանի համար դառնում է անվտանգային այլընտրանքի շատ կարևոր հեռանկար: Հեռանկար, որը թույլ է տալիս առավել հարմար զգալ Ռուսաստանի հետ բալանսավորումն ապահովելու խնդրի լուծման հնարավորությունների տեսանկյունից, թեկուզ հարաբերականորեն, համեմատաբար հարմար: Ահա այդ համապատկերում և ընդգրկման մեջ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին աջակցելու Հնդկաստանի հայտարարությունը ոչ թե հերթապահ է, այլ նույնիսկ հեռանկարային, եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ Դելին հավակնում է լինել ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, իսկ առայժմ այդ կառույցի ոչ մշտական անդամ է առաջիկա երկու տարիների համար: