Ալեն Սիմոնյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված ջանքերը

Ալեն Սիմոնյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված ջանքերը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (CEEPS) ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնին, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսին: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարևորել է գործընկեր կազմակերպությունների՝ ժողովրդավարական գործընթացներին աջակցելուն ուղղված ջանքերը և Հայաստանի Ազգային ժողովի հետ համագործակցության ծրագրերի արդյունավետ իրականացումը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է միջազգային գործընկերների հետ նպաստավոր ու շարունակական համագործակցության անհրաժեշտությունը: Հիմնական քննարկումն ընթացել է 2018 թվականից իրականացվող CEEPS-ի շուրջ, ներկայացվել են ծրագրի նպատակներն ու առանձնահատկությունները: Այն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և ընտրությունների ու քաղաքական գործընթացների հզորացման կոնսորցիումի կողմից իրականացվող յոթնամյա ծրագիր է: Կառավարության, խորհրդարանի, կուսակցությունների և Հայաստանի քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով՝ ծրագիրն օգնում է խթանելու ընտրությունների ամբողջականությունը: Անդրադարձ է եղել կոնկրետ խորհրդարանի հետ համագործակցության ձևաչափին: Խորհրդարանի հետ համագործակցության նպատակն է աջակցել և զարգացնել ՀՀ ԱԺ կարողությունները՝ ամրապնդելու օրենսդիր մարմնի և պատգամավորների գործունեության արդյունավետությունը: Զրուցակիցները կարևորել են Ազգային ժողովի և Հայաստանում գործող միջազգային կառույցների արդյունավետ համագործակցությունը, փորձի փոխանակումը: Ալեն Սիմոնյանը փոխգործակցության կայացմանն ու զարգացմանն օժանդակելու պատրաստակամություն է հայտնել: