Առաջին անգամ Standard and Poor’s կազմակերպությունը վարկանիշ է շնորհել Հայաստանին. նախարար

ՀՀ կառավարության նիստի սկզբում անդրադարձ կատարվեց Standard&Poors վարկանշային գործակալության կողմից առաջին անգամ ՀՀ կառավարությանը վարկանիշ շնորհելու հարցին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց բացատրել, թե դա ինչ է նշանակում: Խաչատրյանը նշեց, որ Standard&Poors-ն առաջին անգամ է վարկանշել Հայաստանի կառավարությանը և շնորհել է արտարժույթով և ազգային արժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման «B+» սուվերեն վարկանիշ՝ «դրական» հեռանկարով: «Առաջին տարին է նաև, որ միաժամանակ Հայաստանին վերաբերող զեկույցներ են հրապարակել վարկանշավորման ոլորտում աշխարհի առաջատար եռյակը՝ «Moody's»-ը, Fitch-ը ու Standard&Poors-ը: Standard&Poors-ի առանձնահատկությունն այն է, որ սուվերենից բացի, այն սահմանել է նաև փոխանցման ու փոխարկելիության գնահատական, ինչը կարևոր է մասնավոր հատվածի համար: Այն սահմանվել է  «BB-+», ինչը նշանակում է, որ Հայաստանի մասնավոր հատվածի ընկերությունները Standard&Poors-ի կողմից վարկանշվելու դեպքում կարող են ստանալ Հայաստանի սուվերեն վարկանիշից մեկ մակարդակ բարձր վարկանիշ: Standard&Poors-ի կողմից տրված գնահատականը նշանակում է, որ Հայաստանում տնտեսության վիճակի բարելավմանն ուղղված գործոնները գերակշռող են ու առաջիկա 12 ամիսների  ընթացքում կարող են բերել ՀՀ սուվերեն վարկանիշի բարձրացման: Standard&Poors-ը նշում է, որ եթե հետագա 2-3 տարիների ընթացքում Հայաստանում տնտեսական աճի իրենց սպասումներն արդարացվեն, արտաքին խոցելիությունը նվազի և պետբյուջեի կատարողականը լինի իրենց սպասածից ավելի դրական, դա կբերի երկրի սուվերեն վարկանիշի հետագա բարելավման: Հայաստանի սուվերեն «B+» վարկանիշը հիմնված է Standard&Poors-ի փորձագետների այն  գնահատականների վրա, որ, չնայած արտաքին էական ճնշումներին, Հայաստանը հաղթահարել է համավարակի և ռազմական կոնֆլիկտի հետևանքները՝ առանց վտանգելու երկրի տնտեսական կայունությունը»,- ասաց նախարարը: Նրա խոսքով՝ Standard&Poors-ն ակնկալում է, որ կառավարության 5-ամյա ծրագրի իրագործումը կհանգեցնի ավելի արագ տնտեսական աճի: «Standard&Poors-ի հետ Հայաստանի համագործակցությունը կնպաստի Հայաստանում կապիտալի շուկայի զարգացմանը և կարագացնի այդ ոլորտում բարեփոխումների ընթացքը՝ հաշվի առնելով, որ սուվերեն վարկանիշը ձեռք է բերվել նաև մասնավոր հատվածի ընկերությունների համար վարկանիշ ստանալու հնարավորություն ապահովելու և դրա ներքո տեղական և միջազգային կապիտալի շուկաներ դուրս գալու նպատակով»,- ասաց նախարարը: