Պուտինը Սի Ցզինպինին անվանել է իր ընկերը

Պուտինը Սի Ցզինպինին անվանել է իր ընկերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը CNBC-ին տված հարցազրույցում Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին անվանել է իր ընկերը։ «Նախագահ Սի Ցզինպինին համարում եմ իմ ընկերը, մենք երկար տարիներ ենք միասին աշխատում և հասել ենք լավ արդյունքների և՛ քաղաքական փոխգործակցության, և՛ տնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ դա օգտակար կլինի ինչպես Չինաստանի, այնպես էլ Ռուսաստանի ժողովրդի համար և կհավասարակշռվի, կստեղծի միջազգային գործերում որոշակի կայունություն»,-ասել է պետության ղեկավարը։ Բացի այդ, պատասխանելով աշխարհաքաղաքական իրադրության վրա Ավստրալիայի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի նոր միության (AUKUS) ազդեցության մասին հարցին, Պուտինը նշել է նման բլոկների ստեղծման պատճառով տարածաշրջանային կայունության խաթարման մասին։ «Իմ կարծիքով՝ միմյանց հետ ընկերություն անելը լավ է, սակայն ընկերանալ ընդդեմ ինչ-որ մեկի, վատ է։ Դա խաթարում է կայունությունը, որի մասին բոլորս խոսում ենք ու հոգ տանում»,-ասել է Պուտինը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը չի զարգանա ինչ-որ անկանխատեսելի սցենարով և տարածաշրջանում չի առաջացնի որևէ հավելյալ լարվածություն։