Իրանի խորհրդարանի պատգամավոր․ Հայաստանի հետ ռազմական դաշինքը բխում է տարածաշրջանի շահերից

Իրանի խորհրդարանի պատգամավոր․ Հայաստանի հետ ռազմական դաշինքը բխում է տարածաշրջանի շահերից

Իրանահայ մեկնաբան Սահակ Շահմուրադյանը գրել է․ Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավոր Աբոլֆազլ Հասան Բեյգին ասել է. «Անվտանգության դաշինքի կնքումը բխում է Հայաստանի շահերից և ինչպես որ այլ երկրներին է օգնում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, Իրանը կարող է աջակցել նաև Երևանին»: «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Աբոլֆազլ Հասան Բեյգին Իրանի հյուսիսարևմտյան շրջաններում իրականացվող տեղաշարժերի մասին ասել է. «Էրդողանը երազում է Օսմանյան պետությունն ու կայսրությունը վերկանգնելու մասին, սակայն քաջ գիտի, որ իր երկրի ներսում անվտանգություն չկա, և եթե չլիներ Իրանի աջակցությունը, գուցե Թուրքիան էլ մասնատված լիներ ԱՄՆ-ի կողմից: Իրանի և Ադրբեջանի սահմանային մտահոգություններն ու Սիոնիստական ռեժիմի հետ վերջինիս համագործակցության հարցը պետք է կարգավորվեն դիվանագիտական ճանապարհով: Ալիևը պետք է իմանա, որ եթե այդ ճանապարհները չբացվեն, հետագայում նրանց համար շատ խնդիրներ կառաջանան»: Նա նշել է. «Իրանը երկար տարիներ օգնել է Նախիջևանին և այսօր նրանք պետք է երախտագետ լինեն և չպետք է խաբվեն Իսրայելից ու Միացյալ Նահանգներից: Արևմուտքի հրահրած կրակի ծուխը հենց իրենց կկուրացնի և իրենք կտուժեն»: Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորը Հայաստանի հետ ռազմական ու անվտանգության դաշինքի կնքման անհրաժեշտության մասին ասել է. «Հայաստանը որպես մի երկիր, որ իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր տարբեր առիթներով սատարել է Իսլամական Հանրապետությանը, այսօր ակնկալում է, որ անվտանգության հարցում Իրանից օգնություն կստանա և կհովանավորվի նրա կողմից, քանի որ ռազմական առումով խոցելի է: Իսլամական Հանրապետությունը քննարկում է իրավիճակը և բանակցություններ վարում, որպեսզի միջազգային իրավունքի շրջանակում իրականացնի այն, ինչ ասել է ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը»: Հասան Բեյգին հավելել է. «Նման դաշինքը կարող է շահավետ լինել Հայաստանի համար և Իսլամական Հանրապետությունն ինչպես որ այլ երկրներին է օգնում ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, կարող է աջակցել նաև Հայաստանին»: