New Shepard տիեզերանավը հաջողությամբ ավարտել է երկրորդ ուղևորատար թռիչքը

New Shepard տիեզերանավը հաջողությամբ ավարտել է երկրորդ ուղևորատար թռիչքը

Ամերիկյան Blue Origin ընկերության New Shepard տիեզերանավը հոկտեմբերի 13-ին հաջողությամբ իրականացրել է օդաչուով կառավարվող երկրորդ ենթաուղեծրային թռիչքը: Թռիչքն ուղիղ եթերով հեռարձակվել է ամերիկացի միլիարդատեր Ջեֆ Բեզոսին պատկանող Blue Origin ընկերության կայքում: Ենթաուղեծրային թռիչքի ժամանակ տիեզերանավը բարձրացել է 100 կմ, բոլոր չորս ուղևորները գտնվել են անկշռության վիճակում: Թռիչքի ընդհանուր տևողությունը կազմել է 10 րոպե: Չորս ուղևորներից մեկը եղել է «Աստղային ուղի» (Star Trek, 1966-1969) սերիալի գլխավոր դերակատար Ուիլյամ Շաթները: 90-ամյա դերասանը դարձել է ամենատարեց տիեզերագնացը: «Երբեք չէի ակնկալում, որ նման բան կզգամ»,- թռիչքից հետո ասել է նա: Նրա հետ տիեզերանավում են եղել նաև Blue Origin-ի փոխնախագահ Օդրի Փաուերսը, ՆԱՍԱ-ի նախկին ինժեներ Քրիս Բոշուիզենը և Dassault Systèmes ընկերության փոխնախագահ Գլեն դե Վրիսը: New Shepard –ի առաջին թռիչքը, որին մասնակցել էր նաև Բեզոսը, տեղի էր ունեցել հուլիսի 20-ին: