Թուրքիայի արտգործնախարարը կրկին մեղադրել է ՌԴ-ին և ԱՄՆ-ին

Թուրքիայի արտգործնախարարը կրկին մեղադրել է ՌԴ-ին և ԱՄՆ-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Նիկարագուայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ պայքարին: Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայում քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) իրականացրած հարձակումների համար պատասխանատու են նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Նա ՌԴ-ին և ԱՄՆ-ին մեղադրել է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում իրենց խոսքը չպահելու և պարտավորությունները չիրականացնելու մեջ: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք չեն պահում իրենց խոսքը, մեզ մնում է միայն մի բան` ինքնուրույն անել մեր գործը»:Թուրքիան կարող է նոր ինքնուրույն ռազմական գործողություն իրականացնել: Նախորդ շաբաթ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի կողմից սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը՝ վիրավորվել: Անդրադառնալով այս դեպքին` Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է իր դեմ ծառացած սպառնալիքները վերացնելու հարցում, և դա կանի Սիրիայում առկա ազդեցիկ ուժերի կամ սեփական ուժերի գործադրմամբ: Նա հայտարարել էր, որ թուրք ոստիկանների սպանությունը հատել է իրենց համբերությունը: