Պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, որպեսզի ամեն մի եվրո օգտագործվի նպատակահարմար ձևով

Պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, որպեսզի ամեն մի եվրո օգտագործվի նպատակահարմար ձևով

Կորոնավիրուսային իրավիճակի պատճառով մարտին ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված 6 երկրների ղեկավարների գագաթնաժողովը հետաձգվեց մինչև  դեկտեմբեր, որտեղ քննարկվելու և հաստատվելու է Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի օգնության փաթեթը։ Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին հուլիսին հայտարարեց, որ Հայաստանի համար առաջարկում են 5 առաջնահերթ հատուկ ծրագիր՝ տրանսպորտային կապակցվածություն, էներգախնայողություն, վերականգնվող էներգետիկա, թվային վերափոխում, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին։ «1,6 միլիարդ եվրո ենք հատկացնում այս առաջնահերթ հատուկ ծրագրերի համար և այլ աղբյուրներով մոբիլիզացնելով հավելյալ 1 մլրդ եվրո, ամբողջը միասին վերցրած կարողանում ենք 2,6 միլիարդ եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրով», - նշել էր Վարհեին։ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի/ՄԱՀՀԻ/ տնօրեն Ստեփան Սաֆարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով 2,6 մլրդ եվրոյի օգնության փաթեթին, նշեց, որ ճանապարհային քարտեզ է ներկայացվել, որտեղ նշված է 2,6մլրդը որ ոլորտներին են հատկացվելու.«Կասկած չունեմ, որ 2,6 մլրդը հատկացվելու է Հայաստանին, քանի որ տեսնում եմ Հայաստանի և Եվրամիության բացառիկ շահագրգռվածությունը»,-նշեց Սաֆարյանը։ Պատերազմից հետո, նրա խոսքով, ակտիվացում է նկատվում Հայաստան-ԵՄ հարաբերություններում, պատերազմից առաջ շատ ավելի պասիվ վիճակ էր։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության և հանրության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Նախ՝ պետք է հստակ նշել, որ սա միայն Հայաստանին վերաբերող ծրագիր չէ, այլ ընդհանրապես ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի 6 երկրների համար է, որին մաս են կազմում Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան, Բելառուսը, Մոլդովան: Պետք է նաև հստակեցնել, որ խոսքը մեծ մասշտաբի ներդրումների մասին է, որը կարող է հասնել մինչև 17 մլրդ եվրոյի առաջիկա 5 տարիների ընթացքում: Այդ գումարից 2,5 մլրդ եվրոն Հայաստանի համար է հատկացվում: Այս ծրագիրը երկար աշխատանքի արդյունք է, որը ծնունդ առավ 2016-ին, երբ ԵՄ-ն միասնաբար այդ 6 երկրների հետ որոշեց նոր թափ հաղորդել «Արևելյան գործընկերության» երկրների տարբեր ոլորտների զարգացմանը: Հաշվի առնելով պատերազմի ընթացքում ԵՄ-ն ինքն իրեն չներկայացրեց որպես իսկական դրական ազդեցիկ գործոն և նկատի առնելով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակը, հավանական է որ ԵՄ-ն մի շարք վերաճշտումներ է արել դեպի Հայաստան ուղղվելիք ներդրումների առումով և շեշտը դրել է զուտ տնտեսական ոլորտների վրա, ինչպիսին են ճանապարհները, միջին ու փոքր բիզնեսը, բարձր տեխնոլոգիաների ոլորտը»,-ասաց Հարութ Շիրինյանը: Նրա խոսքով՝ ողջունելի է այս ներդրումների հոսքը դեպի Հայաստան, և պետք է հուսալ,  որ տվյալ ոլորտներում իսկական առաջընթաց արձանագրվի, սակայն եթե խոսքը նման մեծ գումարների մասին է, կարևոր է նաև խոսել արդյունավետության և թափանցիկության մասին: «Կարծում եմ, որ դրա պատասխանատուն Հայաստանի կառավարությունն է, որպեսզի ամեն մի եվրո օգտագործվի նպատակահարմար ձևով՝ տվյալ ոլորտների և տվյալ քաղաքացիների կողմից։ Այս ներդրումներից նաև նախատեսված է մաս Սյունիքի մարզին համար, իրականում ընդհանուր գումարի մեջ շատ փոքր մասն են ներկայացնում՝ ընդամենը 80 մլն եվրո: Բայց իսկապես անչափ կարևոր է այդ մարզում բնակչությանն օգնություն հասցնելը, որպեսզի նրանք կարողանան գոյատևել ու զարգանալ իրենց շրջանում: Բայց պետք է ուշադիր լինել, որ հանկարծ այս ծրագիրը կամ որևէ այլ ծրագիր, մանավանդ, որ խոսքը երթևեկության մասին է, չներկայանա որպես տեղի բնակիչների անվտանգությունը խաթարող ներդրում: Հայաստանի քաղաքացին, մասնավորապես, սահմանամերձ շրջաններում ապրող քաղաքացիները պետք է առաջին հերթին այդ վախի մթնոլորտից դուրս, անվտանգ ու ապահով ձևով ապրեն, հակառակ պարագայում ցանկացած ներդրում իզուր կդառնա»,-ասաց նա: Շիրինյանը նշեց, որ չնայած նրան, որ այս ներդրումներն արևելյան գործընկերության շրջանակներում են, անհասկանալի է մնում այն, որ ԵՄ-ն օգնություն է ուղարկում տարածաշրջանների բոլոր երկրներին և բնակչություններին՝ բացառությամբ Արցախի բնակչության, որն ամենից շատ է տուժել պատերազմից․ ինչի՞ է ԵՄ -ն սպասում, որ գոնե մարդասիրական օգնություն ուղարկի Արցախ: