Ինչպես փրկել տղերքին․ Շտապօգնության «փառահեղ պարտություններ» սերիալի համար

Ինչպես փրկել տղերքին․ Շտապօգնության «փառահեղ պարտություններ» սերիալի համար

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Երեկ մեր հավաքականը Երևանում 1։2 հաշվով զիջեց ենթախմբի ետնապահ Հյուսիսային Մակեդոնիային։ Հոկտեմբերի 7-ին էլ Հայաստանի ընտրանին կրկին Երևանում 1։4 հաշվով զիջել էր Սերբիային։ Այս հանդիպմանն անդրադառնալով նշել էինք, որ կատարվածի գլխավոր պատասխանատուն գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանն է։ Մեր ֆուտբոլիստները առաջին կեսում 1։0 հաղթելուց հետո երկրորդ կեսում 4 անպատասխան գնդակ էին բաց թողել։ Ավելին, մերոնք անհատապես չէին զիջում սերբերին և ունեին հաղթելու իրական հնարավորություն։ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ երիտասարդականի «փառահեղ» պարտություն «սերիալի» հերթական սերիան էր։ Նազարյանն ուներ հնարավորություն ցույց տալու, որ Սերբիայի դեմ տեղի ունեցածը սայթաքում է, որ և իր գլխավորությամբ Հայաստանի երկրորդ հավաքականը կարող է դուրս գալ անդունդից, բայց․․․։ Հիշեցնենք, որ Նազարյանը փոխարինել էր իսպանացի Անտոնիո Ֆլորեսին։ Այս մարզչի գլխավորությամբ անցյալ տարվա հոկտեմբերին Հայաստանը հյուրընկալվելիս 10։0 հաշվով զիջել էր Շվեդիային։ ՀՖՖ-ի նախագահը խայտառակ պարտությունից հետո կտրուկ որոշում էր կայացրել հեռացնելով նրան զբաղեցրած պաշտոնից։ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականն անց է կացրել 6 հանդիպում։ Այս տարվա մարտին Նազարյանի թիմը ընկերական խաղում Երևանում 1։2 հաշվով պարտվել էր Բելառուսին։ Ընտրական փուլի մեկնարկային խաղում Հայաստանը հյուրընկալվելիս 2։0 հաշվով զիջել էր Ֆարերյան Կղզիներին, որին սեպտեմբերին կայացած պատասխան խաղում հաղթել էր 2։0 հաշվով։ Այս խաղից 5 օր հետո էլ հյուրընկալվելիս 2։1 հաշվով պարտվեցինք Ուկրաինային։ Սեպտեմբերին կայացած խաղերից հետո ֆուտբոլային որոշ շրջանակներում խոսվում էր հավաքականի վերակենդանացման և Նազարյանի արդյունավետ աշխատանքի մասին։ Մեկնաբանությունները կարծում ենք ավելորդ են։ Փաստն այն է, որ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 6 խաղում տարել է մեկ հաղթանակ և կրել 5 պարտություն։ Միակ հաղթանակը տարել ենք գաճաճ հավաքականի նկատմամբ, որին «հաջողացրել» էինք նաև պարտվել։ Այս պահին Հայաստանի հավաքականը վերջինն է ընտրական ենթախմբում, ինչը ուղիղ կերպով խոսում է երիտասարդական թիմի ներկայիս վիճակի մասին։ Չմոռանանք, Երևանի ԲԿՄԱ-ն, որը գլխավորում է Նազարյանը Հայաստանի Պրեմիեր լիգայում 8 խաղում նույնքան պարտություն է կրել։ Վերջին հանդիպումներում Հայաստանի հավաքականի հայտացուցակում տեղի էին գտել ԲԿՄԱ-ի 14 ֆուտբոլիստներ։ Լավ բա մեղք չե՞ն տղերքը։ Արդյոք նորմալ է, որ 19-21 տարեկան ֆուտբոլիստներն այսքան պարտվում են։ Ակամայից պարտությունը նրանց համար սովորական երևույթ է դարձել։ «Այսօր շատ վատ հանդես եկանք։ Կարծում եմ՝ էմոցիաներն ու ողջ ունեցածն անցած խաղին էին տվել ու այս խաղի համար չկարողացան վերականգնվել։ Աշխատել էինք այդ ուղղությամբ, բայց փասն այն է, խաղի պատկերը ցույց տվեց, որ նրանք հոգեպես բացարձակ չէին վերականգնվել»,- երեկվա խաղից հետո ասել է Նազարյանը։ Կներեք իհարկե, բայց ինչ ասել է վերականգնվել։ Արդյո՞ք պարտությունների մեջ մեծացող տղերքին հնարավոր է մի քանի օրում վերականգնել։ Տեղի ունեցողը ոչ այլ ինչ է քան ֆուտբոլային ողբերգություն։ Կարող է տարօրինակ հնչել, բայց գրանցված արդյունքները կանխատեսելի էին։ Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ որևէ թիմ կամ հավաքական երբևէ նշանակալի արդյունք գրանցե՞լ է միջազգային ասպարեզում։ Պատասխանը կարծում ենք պարզ է։ Այդ դեպքում ինչո՞ւ ՀՖՖ-ն նրան վստահեց Հայաստանի երկրորդ հավաքականը։ Ո՞ր արդյունքի վրա հիմնվելով էր կայացվել նման որոշում։ Այս հարցի պատասխան գտնելը բավական դժվար է։ ՀՖՖ-ն անընդմեջ երկրորդ սխալը թույլ տվեց։ Առաջին դեպքում մարզիչ նշանակվեց Ֆլորեսը, ով որևէ լուրջ արդյունք չէր գրանցել։ Իսպանացու գլխավորությամբ հավաքականը տապալվեց։ Ֆլորեսից հետո կիկին նշանակվեց մարզիչ, որի գրանցած արդյունքները միջազգային հարթակում մեղմ ասած տպավորիչ չեն։ Միանգամայն տրամաբանական է, որ Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը տապալվում է։ Պետք է արձանագրենք և ընդունենք, որ մասնավորապես պետություն ներկայացնող հավաքական թիմերը պետք է գլխավորեն մարդիկ, որոնք մինչ այդ լուրջ հաջողությունների են հասել միջազգային ասպարեզում։ Կապառոսը Եվրոպայում ճանաչված մասնագետ է, ով հասել է բազմաթիվ նվաճումների։ Նրան ազգային թիմը վստահելու տրամաբանական զարգացումը եղավ այն, որ մերոնք անմիջապես սկսեցին խաղալ ֆուտբոլ, գրանցեցին պատմական արդյունքներ և հաջողություններ։ ՀՖՖ-ն ազգային հավաքականի վերաբերյալ կայացրել էր միանգամայն ճիշտ և ողջունելի որոշում։ Հերթը երիտասարդական հավաքականինն է։ Հապաղելու ժամանակ այլևս չունենք։ Այս հավաքականը մեր գլխավոր թիմի ռեզերվն է և այն առանձնակի ուշադրության կարիք ունի։ Պետք է խոստովանենք, որ այսօր Հայաստանում չկա մասնագետ, ում կարելի է վստահել երիտասարդական հավաքականը։ Հարկավոր է շտապ օգնություն արտերկրից։ Լուսանկարը՝ ՀՖՖ-ի