Որն է միջանցքի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունն ու դիրքորոշումը

Որն է միջանցքի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունն ու դիրքորոշումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ խոսելով Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման մասին և այդ անցակետում իրանական բեռնատարների ստուգմանը, նշել է, որ Ադրբեջանի գործողությունները ըստ ամենայնի պայմանավորված են «միջանցքի» հանգամանքով, որը բացակայում է նոյեմբերի 9-ի հայտարարությունում: Փաշինյանը նշել է, որ այդ հայտարարության մեջ միջանցքի բացակայությունը նշանակում է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապի պարագայում պետք է ենթարկվի գործող համընդհանուր կանոններին, այլ կերպ ասած բեռները պետք է ենթակա լինեն մաքսային ստուգման: Բաքուն պահանջում է «կարգավիճակ», որը թույլ կտա նրան խուսափել այդ ստուգումից: Որևէ փաստաթղթով Բաքուն չունի այդ կարգավիճակի պահանջի «իրավունք»: Բայց, ամբողջ խնդիրը այստեղ թերևս այն է, որ Ադրբեջանն այդ «իրավունքը» ունի այսպես ասած բանակցային գործընթացի պատմության բերումով, որի վերաբերյալ օրերս բավականին թափանցիկ մանրամասներ ներկայացրեց ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն, այդ թվում ասելով նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքների փոխանակման գաղափարը հղացել է Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի բանակցության արդյունքում, այլ ոչ թե եկել է համանախագահ միջնորդներից: Գորիս-Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակին Փաշինյանի անդրադարձի համատեքստը թերևս այն է, որ Բաքվի  այդօրինակ բոլոր գործողությունները միտված են մի բանի՝ հայկական կողմին «պարտադրել» միջանցքային տրամաբանությունը: Սակայն, այս դեպքում թերևս կա նաև մեկ այլ հանգամանք՝ «միջանցքային տրամաբանություն» պարտադրել նաև իրանական կողմին: Ակնառու է, որ այստեղ լուծում չկա, կամ լուծումը մեկն է՝ ընդունել Բաքվի պահանջը և օրակարգը: Մի բան, որից Երևանը փորձում է հրաժարվել և խուսանավել: Փաշինյանի հայտարարությունը, որ իր կառավարությունը որևէ միջանցքի հարց չի քննարկել, չի քննարկում ու չի քննարկի, ըստ էության արտացոլում է հենց այն հանգամանքը, որ նա հրաժարվում է դառնալ Քոչարյան-Հեյդար Ալիև բանակցության օրակարգի «ժառանգորդը»: Իլհամ Ալիևը ոչ  միայն չի հրաժարվում այդ ժառանգորդությունից, առավել ևս բառի ուղիղ իմաստով էլ ժառանգ լինելու պարագայում, այլ ըստ էության փորձում է օրակարգ բերել քաղաքական կամ իրավա-քաղաքական «ժառանգորդության»  հարցը: Եվ այստեղ է առանցքային նշանակություն ստանում այն, ինչի մասին խոսել էի Քավանոյի հարցազրույցի առիթով: Մասնավորապես, առանցքային է դառնում Ռոբերտ Քոչարյանի հստակ և հանգամանալից պարզաբանումն ու դիրքորոշումը, թե ինչ է քննարկել տարածքային փոխանակման թեմայով, և ինչ դիրքորոշում ունի այսօր՝ որպես ոչ միայն նախկին նախագահ և այդ քննարկումների մասնակից, այլ այսօր արդեն Հայաստանում խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ, որը անընդհատ խոսում է իշխանափոխության նպատակի մասին: