Փաշինյան-Ռայիսի կարևոր հանդիպում Դուշանբեում

Փաշինյան-Ռայիսի կարևոր հանդիպում Դուշանբեում

Դուշանբեում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպումը: Նիկոլ Փաշինյանն ու Իբրահիմ Ռայիսին Տաջիկստանում են Շանհայի գործակցության կազմակերպության և ՀԱՊԿ Վեհաժողովների առիթով: Իրանը ՇԳԿ Վեհաժողովի ընթացքում կդառնա կազմակերպության անդամ: Նիկոլ Փաշինյանն ու Իբրահիմ Ռայիսին հանդիպել էին դեռևս օգոստոսի 5-ին, երբ Թեհրանում տեղի էր ունենում Իրանի նորընտիր նախագահի պաշտոնամուտի արարողությունը: Իրանի և Հայաստանի առաջնորդները հանդիպում են փաստորեն երկրորդ անգամ, և բավականին առանցքային ժամանակահատվածում: Խոսքը իհարկե Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածում ադրբեջանցիների ստեղծած խնդրի մասին է: Ադրբեջանի տարածքով անցնող հատվածում նրանք տեղակայել են անցակետեր և գումար են պահանջում իրանցի վարորդներից՝ տարանցիկ ճանապարհի սկզբունքով: Մի քանի օր է, այդ առնչությամբ բանակցում են Իրանն ու Ադրբեջանը: Բաքվի քայլը սակայն խնդիրներ է ստեղծել Հայաստան-Իրան բեռնափոխադրումների համար: Նիկոլ Փաշինյանն ու Իբրահիմ Ռայիսին քննարկել են երկու երկրների միջև ապրանքաշրջանառության անխափան կազմակերպման հարցը: Նախօրեին Հայաստանում Իրանի դեսպանը Հայաստանի ԱԺ նախագահի հյուրն էր: Այդ առնչությամբ դիտարկել էի հարցը, թե արդյո՛ք Երևանն ու Թեհրանը կարող են համատեղ ուժերի մոբիլիզացիայի շնորհիվ առավելագույնս արագ ժամանակահատվածում լուծել Գորիս-Կապան միջպետական ճանապարհի այսպես ասած ադրբեջանական տարածքով անցնող մի քանի կմ այլընտրանքի հարցը: Միևնույն ժամանակ այստեղ հարկավոր է թերևս լինել իրատես ու  արձանագրել, որ զուտ տնտեսական կշռի տեսանկյունից Հայաստանի հետ ապրանքաշրջանառությունն Իրանի համար չունի մեծ նշանակություն, և առավել կարևոր և ծանրակշիռ է Հայաստանի տնտեսության համար: Ըստ այդմ, այստեղ Իրանը կարող է չունենալ այլընտրանքի այնպիսի օպերատիվության շահագրգռություն, ինչպիսին ունի Հայաստանը: Այստեղ թերևս կա մեկ այլ կարևորագույն հարց, որը քաղաքական է և որի մասին օրերս ակնարկել էր Հայաստանի վարչապետ Փաշինյանը, նկատելով, որ Բաքվի գործողություններն ունեն «միջանցքային» օրակարգ պարտադրելու տրամաբանություն: Բանն այն է, որ Իրանն այդ հարցում թերևս Հայաստանի շահին հազվադեպ համահունչ դիրքավորում ունեցող կողմ է և շատ կարևոր է, որպեսզի Բաքուն Թեհրանի ուղղությամբ իր սադրիչ քայլերով չկարողանա հասնել Իրանի քաղաքական դիրքորոշումների փոփոխության: Այդ տեսանկյունից կարևոր է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի և Իրանի առաջնորդները օգտագործում են համատեղ Տաջիկստանում գտնվելու հանգամանքը ևւ պայմանավորվում են երկկողմ հանդիպման ու քննարկումների համար: Ճանապարհային այլընտրանքի խնդրին զուգահեռ, շատ կարևոր է նաև, որ Բաքվին չհաջողվի քաղաքական խնդիրներ առաջացնել Երևանի ու Թեհրանի միջև: