Հայաստանի կարևոր քայլը միջազգային դատարանում

Հայաստանի կարևոր քայլը միջազգային դատարանում

Հաագայի Արդարադատության միջազգային դատարան մուտք է եղել Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին տեղեկությունը ՄԱԿ-ը տարածել է նախօրեին: Ըստ դրա, Հայաստանը Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում գործ է հարուցել Ադրբեջանի դեմ՝ Ռասսայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումների առնչությամբ: Հաագայի դատարանի հաղորդագրության համաձայն՝ հայցվորը պնդում է, որ «տասնամյակներ շարունակ Ադրբեջանը ռասսայական խտրականության է ենթարկել հայերին», և որ «պետության կողմից հովանավորվող հայատյաց այս քաղաքականության հետևանքով հայերը ենթարկվել են սիստեմատիկ խտրականության, զանգվածային սպանությունների, խոշտանգումների և այլ նվաստացումների»: Ընդ որում, Հայաստանը դատարանին խնդրում է՝ ելնելով «ծայրաստիճան հրատապությունից» տալ նախնական միջոցներ կիրառելու ցուցում, իրավունքների խախտման և խտրականության կանխարգելման նպատակով, այդպիսով Հայաստանի հայցը համարելով առաջնային այլ գործերի նկատմամբ: Անշուշտ, Հայաստանի կարևորագույն քայլն ընդամենը երկար ու համառ աշխատանք պահանջող ճանապարհի սկիզբն է, սակայն դրանից քայլի կարևորությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելանում է: Ճանապարհ, որը պետք է անցնեն ոչ միայն մեր իրավաբանական հանրույթի ներկայացուցիչները, սպասարկելով Ադրբեջանի դեմ միջազգային դատարան Հայաստանի հայցը, այլ նաև դիվանագետները, որոնք թերևս պետք է մի կողմից «զինվեն» միջազգային դատարան Հայաստանի հայցի մուտքով, մյուս կողմից փորձեն հենց այդ մուտքի և հետագա ընթացքի արդյունավետությանն անուղղակիորեն նպաստել համապատասխան արդեն դիվանագիտական-քաղաքական միջավայր ձևավորելու առումով: Անկասկած է, որ՝ ոչ ուղղակի, ոչ ֆորմալ, սակայն այդ քաղաքական միջավայրը իր ազդեցությունն է ունենալու հետագա ընթացքի վրա: Առավել ևս, որ կասկած չկա այն հարցում, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին սկսելու է ինտենսիվ աշխատանքը հակաքայլերի ուղղությամբ, այդ թվում կիրառելով նաև այսպես կոչված «խավիարային» տեխնոլոգիաները: