Կարևորը, թե գայթակղիչը. ԱՄՆ էական աջակցությունը Հայաստանին

Կարևորը, թե գայթակղիչը. ԱՄՆ էական աջակցությունը Հայաստանին

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նշանակվել է նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ, պաշտոնական վարկածով՝ հաղթել է նախագահի համար մրցույթում: Դրան մասնակցել է ընդամենը երեք մարդ և սա ինքնին արդեն ցուցանիշ է: Հայաստանում նորաստեղծ կարևորագույն կառույցի, բավականին բարդ իհարկե, սակայն միաժամանակ բավականին պատվաբեր կարգավիճակի համար պայքարում է ընդամենը երեք մարդ: Իհարկե պետք է հուսալ, որ հաղթած մեկ մարդը արդյունավետ կաշխատի իր նոր պաշտոնում: ՀՔԾ ղեկավարի կարգավիճակում Սասուն Խաչատրյանն աչքի էր ընկնում հեղափոխությունից հետո Ռոբերտ Քոչարյանի գործով, որը բարեհաջող ավարտվեց Սահմանադրական դատարանում և որի առնչությամբ դեռ պետք է հասկանալ, թե այդ գործում ինչ «վաստակ» ունեն գործի այսպես ասած իրավական սպասարկման համար պատասխանատու կառույցները, այդ թվում ՀՔԾ, և Արթուր Վանեցյանի հետ իր հեռախոսազրույցի գաղտնալսման պատմությամբ: Սա իհարկե չի նշանակում, թե ինչպես է աշխատել ՀՔԾ-ն, այդպես էլ աշխատելու է նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեն: Ի վերջո այդ կառույցները ամբողջապես նույնական չեն, սակայն բոլոր դեպքերում, եթե այդ մարմնի աշխատանքի արդյունավետությունը հիմնավորապես չտարբերվի ՀՔԾ արդյունավետությունից, ապա կնշանակի, որ Հայաստանը չի հանձնում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ, խորքային պայքարի քննությունը: Իսկ այստեղ կա մի կարևորագույն խնդիր, որը իրավական և քաղաքական դաշտում չէ, այլ դրանից դուրս՝ հոգեբանական: Բանն այն է, որ Հատուկ քննչական ծառայությունը թե իր ստեղծման պահից մինչև հեղափոխություն, թե դրանից հետո՝ հանրության շրջանում ձեռք չբերեց այն հիմնարար, խորքային հեղինակությունը, որը կարևոր է երկու ասպեկտով: Նախ, հանրային հեղինակությունն ու վստահությունը այդ կառույցին տալու էր ավելի ուժեղ լինելու և համակարգային կոտուպցիայի և հանցագործությունների դեմ պայքարի ավելի ուժեղ մանդատ, և երկրորդ՝ այդօրինակ կառույցների համար հանրային վստահությունը ինքնին ունի կոռուպցիոն և այլ համակարգային հանցավոր ռիսկերի կանխարգելիչ նշանակություն, ինչպես սահմանապահի առկայությունը սահմանին: Կդառնա՞ այդպիսին նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեն: Իհարկե դրա համար պետք է ժամանակ, սակայն անկասկած է նաև, որ Հայաստանն այդ առումով չունի ժամանակ, առավել ևս կոռուպցիոն պայքարի սահմանապահի հարցում կամ օրինականության սահմանապահի հարցում: Իսկ ԱՄՆ-ը արդեն խոստացել է կոռուպցիայի դեմ պայքարում 9,5 միլիոն դոլարի աջակցություն Հայաստանին: Բավականին կարևոր, միաժամանակ գայթակղիչ աջակցություն է, իհարկե: Կարիք կա՞, որպեսզի բուքմեյքերները խաղադրույք սահմանեն, թե որ հանգամանքը կաշխատի ավելի՝ կարևորը, թե՞ գայթակղիչը: