Քանի հայ ֆուտբոլիստ է խաղում Եվրոպական թոփ լիգաներում

Քանի հայ ֆուտբոլիստ է խաղում Եվրոպական թոփ լիգաներում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և մեր ակումբների միջազգային ասպարեզում համեմատաբար մրցելույթների ֆոնին տեղի են ունենում կարևոր զարգացումներ, որոնք դրական երանգներ են հաղորդում հայկական ֆուտբոլին։ Խոսքը վերաբերվում է արտերկրում հանդես եկող մեր ֆուտբոլիստների առաջխաղացումներին։ Այսօր ունենք միանգամայն դրական պատկեր, մասնավորապես եվրոպական ակումբային ֆուտբոլի կտրվածքով։ Ավելի ստույգ, վերջին շրջանում ավելանում է հայ ֆուտբոլիստների թիվը, որոնք ելույթ են ունենում թոփ առաջնություններում։ Եվ այսպես․ եվրոպական թոփ 5 առաջնություներից չորսում ունենք ներկայացուցիչներ (Իտալիա, Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա)։ Իտալիայի Ա սերիայում ընթացիկ մրցաշրջանում ելույթ է ունենում Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։Վերջինս նախորդ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում գոլ + գոլային փոխանցում հաշվարկում տևական ժամանակ առաջատարների շարքում էր ոչ միայն Իտալիայում այլ թոփ 5 լիգաներում։ Գերմանական Բունդեսլիգայում Հայաստանը ներկայացնում է Սարգիս Ադամյանը, որը ելույթ է ունենում «Հոֆենհայմում»։ Բունդեսլիգայի հենց մեկնարկային տուրում Ադամյանը դարձավ գոլի հեղինակ՝ ցույց տալով, որ «Հոֆենհայմի» համար կարևոր խաղացող է։ Ադամյանը լավ ելույթով աչքի ընկավ Հայաստանի ազգային հավաքականի կազմում, նպաստելով մարտին գրանցված երեք կարևոր հաղթանակներին։ Նախորդ տարվա դեկտեմբերին Իսպանիայի լա Լիգայում նորամուտը նշեց «Լևանտեի» 19-ամյա կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ Ամռանը մամուլում տարածված տեղեկությունների համաձայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցում է այս ֆուտբոլիստի հետ և ՀՀ քաղաքացիություն ստանալուն պես Սևիկյանը պաշտոնապես կդառնա Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ։ Սևիկյանը Լա լիգայի մեկնարկած առաջնությունում դեռևս հանդիպում չի անցկացրել։ Փոխարենը այս ֆուտբոլիստը սեպտեմբերին հրավիրվեց Ռուսաստանի երիտասարդական հավաքական և մասնակցեց Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Մալթայի և Իսպանիայի դեմ հանդիպումներին։ Հուսով ենք, որ Սևիկյանի Հայաստանում խաղալու հարցը ի վերջո դրական լուծում կստանա, որի արդյունքում կունեանք ազգային թիմի երկու ֆուտբոլիստը, որոնք ելույթ են ունենում Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում։ Ամռանը Լա լիգայում հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանության առաջատար Վարազդատ Հարոյանը երկու տարվա պայմանագիր կնքելով «Կադիսի» հետ։ Վերջինիս մեկնարկային կազմում Հարոյանն արդեն անց է կացրել 3 պաշտոնական հանդիպում։ Եվ վերջապես, այս տարվա ապրիլին Ֆրանսիայի Լիգա 1-ում ելույթ ունեցող «Նանտում» հայտնվեց կիսապաշտպան Գոռ Մանվելյանը։Նա մինչ այս ելույթ էր ունենում «Նանտի» երիտասարդական թիմում, սակայն արդյունավետ ելույթներից հետո պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց հիմնական թիմի հետ։ «Նանտի» կազմում հայ կիսապաշտպանը մասնակցել է ընկերական հանդիպման։ Մանվելյանի՝ Հայաստանի հավաքականին միանալու վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան։ Կարծում ենք սակայն այս ֆուտբոլիստը ևս Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տեսադաշտում է և նրան ևս կարելի է համարել մեր գլխավոր թիմի իրական թեկնածու։ Փաստորեն հայ ֆուտբոլիստ չկա թերևս Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այսօր կան իրական նախադրյալներ, որ մոտ ապագայում Հայաստանի ազգային հավաքականում ելույթ ունենան ֆուտբոլիստներ, որոնք ներկայացնում են Եվրոպական թոփ 4 առաջնությունները։ Ուրախալի, որ նշված 4 ֆուտբոլիստներից 2-ը՝ Սևիկյանը և Մանվելյանը, ընդամենը 19 տարեկան են և ունեն հնարավորություն ամրապնդվելու աշխարհի ուժեղագույն առաջնություններում։ Մարտին Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած գերազանց հանդիպումներից հետո տեղեկություն տարածվեց, որ իսպանական տիտղոսակիր ակումբներից «Սևիլիան» հետաքրքրված է Երևանի ԲԿՄԱ-ի 20-ամյա կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանի ծառայություններով։ Հիշեցնենք, որ Խոակին Կապառոսը երկար տարիներ աշխատել է այս թիմում՝ զբաղեցնելով նաև գլխավոր մարզչի պաշտոնը։ Վերջերս տեղի ունեցած մամուլի ասուլիսում Կապառոսը հայտարարեց, որ բացի Հարոյանից՝ մեր հավաքականի այլ ֆուտբոլիստներ ևս մոտ էին Լա լիգայում հայտնվելուն, բայց գործարքները տարբեր պատճառներով չեն կայացել։ Կարելի է ենթադրել, որ Շաղոյանն իսկապես եղել է «Սևիլիայի» ուշադրության կենտրոնում, բայց․․․։