Մինչ օրս հարկային արտոնություն է ստացել 1009 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն

Մինչ օրս հարկային արտոնություն է ստացել 1009 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է հարկային արտոնության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սեպտեմբերի 14 -ին տեղի է ունեցել նիստ, որը վարում էր նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից՝ վերջին նիստին պետական աջակցությունից օգտվելու հայտ էր ներկայացրել 13 սկսնակ տեխնոլոգիական ընկերություն։ Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում, հետազոտական ծրագրերի իրականացում, էլեկտրոնային համակարգերի նախագծում և այլն: «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ են տրամադրվում ՝ նրանց նկատմամբ կիրառելով շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափ։ Հարկային արտոնությունը սկսնակ ընկերություններին տրվում է 5 տարի ժամկետով: Պետության կողմից տրված այս հնարավորությունը թույլ է տալիս ընկերություններին ընդլայնել թիմն ու զարգացնել իրենց կողմից առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները։ Նախարարությունից հայտնում են, որ պետական աջակցության այս ծրագրից կարող են օգտվել նաև այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունները։ Նրանք ևս կարող են դիմել, հավաստագիր ստանալ, արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմած ընկերությունները կազմում են դիմողների ընդհանուր թվի 15-20%-ը, որոնց գերակշիռ մասը սփյուռքից են։ Աշխարհագրությունն ընդգրկուն է՝ Հոլանդիա, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Իսրայել: Հերթական նիստի ընթացքում հավաստագրման հանձնաժողովն արտոնության իրավունք է տրամադրել հայտ ներկայացրած բոլոր 13 ընկերություններին։ Մինչ օրս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրով նախարարությունը հարկային արտոնության հավաստագիր է տրամադրել 1009 նորաստեղծ ընկերությունների։