Ինչ ազդեցություն կունենա ջրի սակագնի բարձրացումը և որքանով պետությունը պետք է սուբսիդավորի այն

Ինչ ազդեցություն կունենա ջրի սակագնի բարձրացումը և որքանով պետությունը պետք է սուբսիդավորի այն

Հայաստանի ջրամատակարարման օպերատոր «Վեոլիա ջուր» ընկերությունը ցանկանում է զգալիորեն բարձրացնել իր սակագները մինչև 223,7 դրամ մեկ խորանարդ մետրի համար ներկայիս 180-ի փոխարեն։ Նա դրա վերաբերյալ հայտ է ներկայացրե Հանրային ծառայությունները կարգավվորող հանձնաժողովին: Նկատենք, որ իրականում այսօր թեև սպառողը վճարում է մեկ խմ-ի դիմաց 180 դրամ, սակայն դա իրական գինը չէ, կառավարությունը սուբսիդավորում է մնացած մասը: Ըստ էության, սակագինը 191,4 դրամ էր, որից 11,4 դրամը սուբսիդավորեց պետությունը: Այժմ «Վեոլիա ջուրը» գնաճի հիման վրա դիմել է և առաջարկում է սակագինն ավելացնել 12.34 դրամով: Այս խնդրի առնչությամբ տնտեսագետ Արմեն Քթոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Տվյալ դեպքում սակագնի բարձրացումը հատկապես պետական մենաշնորհի պարագայում, որոշակի ռիսկեր ստեղծում է, բայց այդ հարցերին առաջին հերթին պետք է պատասխանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Դա իրենց տիրույթում է: Մենք կարող ենք ենթադրություններ անել, թե որքանով է հիմնավոր կամ անհիմն հայտը, բայց իրենք են տիրապետում ամբողջական բազային, որ կարողանան սպառիչ պատասխան տալ այդ հարցին: Չի բացառվում, որ հիմնավոր լինի, չի էլ բացառվում, որ այստեղ կան խնդիրներ, որոնք հանձնաժողովը պետք է որոշում կայացնի»: Հարցին, թե ի՞նչ վտանգներ կան տնտեսության վրա անմիջական ազդեցության առումով, որովհետև տեսակետ կա, որ գնաճը դուրս է եկել վերահսկողությունից, տնտեսագետը պատասխանեց. «Մենք ունենք նախորդ տարիներից տարբերվող իրավիճակ բոլոր առումներով և գնաճը չպետք է բացառություն կազմեր: Մենք ունենք արտաքին գործոնների նշանակալի ազդեցություն գնաճի մասով: Ցանկացած ապրանքի կամ ծառայության թանկացում շղթայական որոշակի էֆեկտ է պարունակում և ջուրը բացառություն չի կազմում: Մյուս կողմից, քանի որ ջրի դեպքում բոլորովին այլ պրոցեսներ են և կարգավորվող պրոցես է, ավելի շուտ կարելի է ասել, որ գնի աճը ավելի շուտ հետևանք է այլ ոլորտներում գների բարձրացման, քան ինքը կարող է ինքը այլ ոլորտներում գնաճ խթանել»: Նրա խոսքով, բնական մենաշնորհների գործունեության կարգավորման ինստիտուցիոնալ զարգացման կարիք կա, որովհետև հիմնավոր կամ ոչ հիմնավորի չափանիշները շատ դեպքերում հեղհեղուկ են, հստակ չեն: «Օրինակ, կազմակերպությունը կատարել է ծախս և իր տեսակետից այն հիմնավոր է: Այդ ծախսը նա ներառել է սակագնի մեջ: Պետության տեսանկյունից այդ ծախսը կարող է դիտվել որպես ոչ հիմնավոր: Եվ քանի որ չափանիշները ոչ բոլոր հարթություններում են հստակ, վեճի առարկա կարող է հանդիսանալ: Պետք է հստակեցվի, թե որ ծախսի համար պետք է սպառողը վճարի, որ ծախսի համար չպետք է վճարի: Բացի այդ նման դեպքերում միշտ կա հանրության թերահավատությունը, թե որքանով է գնաճը հիմնավոր»,-ընդգծեց Քթոյանը: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք պետությունը պետք է սուբսիդավորի՞ սակագնի մի մասը, թե ոչ, նա արձագանքեց. «Նախ ՀԾԿՀ-ն պետք է որոշում կայացնի, թե որքան է կազմելու սակագինը, որից հետո կարող են լինել գնահատականներ, թե որ խմբերի համար ինչպիսի ռիսկեր է ստեղծում: Պետական աջակցությունը պետք է թիրախային լինի: Բացի այդ, պետական մարմիններն իրենց ուշադրությունը պետք է հրավիրեն այն հանգամանքի վրա, թե ինչ ուղիներ կան համակարգի արդյունավետությունը բարձրացնելու համար: Այդ ուղղությամբ պետք է աշխատանքներ տարվեն»: Լուսանկարը՝ panorama.am-ի