Մերժվելու են, ինչպես Սերժ Սարգսյանը․ իշխանությունը կտրվել է իրականությունից, մեկուսացված է ապրում

Մերժվելու են, ինչպես Սերժ Սարգսյանը․ իշխանությունը կտրվել է իրականությունից, մեկուսացված է ապրում

Վարչապետի աշխատակազմի նոր նախագիծը, ըստ որի՝ առաջարկվում է պետբյուջեի միջոցների հաշվին ապահովել ՀՀ նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքի անդամների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, նաև ԱԺ նախագահին անձնական բժշկով ապահովել, համացանցում աղմուկ է բարձրացրել։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ իշխանությունը կենտրոնացած է ինքն իր վրա, իր համար բարեկեցիկ կյանք ապահովելու․«Եվ ամենևին կապ չունի իրենց համար, որ թշնամին մեր տարածքում է, որ մարդիկ անվտանգության խնդիրներ ունեն։ Եվ հիմա ես լիովին հասկանում եմ, թե ինչու են որոշել անկախության 30-ամյակի առթիվ մասշտաբային և գունագեղ միջոցառում կազմակերպել։ Սա հենց այնպես չի ասվում։ Նրանք բոլորովին ուրիշ իրականության մեջ են ապրում։ Եվ երբ իրենց նման հայտարարություններ են անում, դա իրենց շփումների, հավաքների արդյունքն է, որտեղ իրենք գունագեղի և մասշտաբայինի մասին խոսում են, հետո էլ անհատական բժիշկ են ուզում»,-նշեց իրավապաշտպանը։ Նրա դիտարկմամբ՝ փոխարենը ծայրահեղ աղքատ ընտանիքներին, միայնակ թոշակառուներին պետք է օգնեն․«Գնում եմ, զինվորների տներն եմ այցելում, անասելի ծանր վիճակում ապրող ընտանիքներ են․․․հատկապես վիրավոր զինծառայողներն այնպիսի վիճակում են, որ իրենք չգիտեն՝ ինչքան կարող են գոյատևել, մինչդեռ իշխանությունը մտածում են էլիտար կյանքի մասին, ինչպես դառնալ էլիտար, իրենք կտրվել են իրականությունից, մեկուսացած են ապրում»։ Ալեքսանյանը մեջբերեց Նիկոլ Փաշինյանի օգնականի գրառումը․ «Ամենազավեշտալին այն էր, որ ես կարդացի Նիկոլ Փաշինյանի օգնականի գրառումը, որ ինքը իջել է, խոսել է մի ծնողի հետ, բացատրել է, և նրան դուր է եկել հենց անկախության օրվան նվիրված ծրագիրը, սա ուղղակի ծիծաղելի գրառում է՝ կտրված իրականությունից»,-հավելեց նա։ Իրավապաշտպանը հարց է տալիս՝ իսկ ինչով են նրանք մեզնից առավել, ինչու որոշեցին, որ պետք է անհատական բժիշկ ունենալ, ինչու բյուջեի միջոցներով, մեկ իրենց գրպանի ծախսերն են ավելացնում․ «Մի խոսքով, այն, որ Նիկոլ Փաշինյանը մի քանի խոսք էր անգիր արել, որ խոնարհվում եմ ձեր առաջ, սիրում եմ ձեզ, հպարտանում ձեզնով, արդեն ծիծաղելի է լսել, այս խոսքերը նա այլևս չի էլ ասի, քանի որ այս խոսքերը կեղծ խոսքեր են»։ Իրավապաշտպանը վստահ է, որ այս նախագիծը կյանքի կոչելու դեպքում հանրությունն էլ ավելի է հիասթափվելու, նրանք արժանանալու են հանրության ատելությանը, ինչպես բոլոր նախկինները, իրենք էլ նույն ճանապարհով են գնում․ այդպես էլ լինելու է՝ մերժվելու են, ինչպես Սերժ Սարգսյանը մերժվեց։