«Խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքը հեռացնելու մասին». Օմեր Չելիք

«Խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքը հեռացնելու մասին». Օմեր Չելիք

Թուրքիայում իշխող իսլամական-պահպանողական «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պաշտպանում է լայիցիզմը (աշխարհիկությունը) և պնդում, որ խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքը հեռացնելու մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս մասին հայտարարել է ԱԶԿ մամուլի խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության կենտրոնական կառավարման խորհրդի (AK Parti Merkez Yürütme Kurulu (MYK)) նիստին զուգահեռ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։ Չելիքը նշել է, որ լայիցիզմի հարցում ԱԶԿ-ի դիրքորոշումը հայտնի է, և հնարավոր չէ, որ կուսակցությունը դրական վերաբերվի սահմանադրությունից լայիցիզմի սկզբունքի հեռացմանը։ «Լայիցիզմը խիստ արժեքավոր է նաև որպես հանրային համերաշխություն ապահովող մեխանիզմ։ Մենք մտածում ենք, որ լայիցիզմի սկզբունքը պետք է պահպանվի սահմանադրությունում»։ Միջանկյալ նկատենք, որ Լայիցիզմի սկզբունքն ամրագրված է նաև Թուրքիայի սահմանադրության 24-րդ հոդվածում։ Չելիքը նաև հայտարարել է, որ իշխանության գալուց ի վեր ԱԶԿ-ն պաշտպանել է լայիցիզմը, սակայն շեշտել, որ այն չպետք է վերածվի պարտադրման կամ էլ գաղափարական ճնշման գործիքի։ Նշենք, որ լայիցիզմը կամ աշխահիկ իշխանության գերակայությունը քեմալականության 6 հիմնական սկզբունքներից մեկն է, սակայն Էրդողանի առաջնորդությամբ ԱԶԿ-ն վարում է հակաքեմալական և իսլամամետ քաղաքականություն։